Մատչելիության հղումներ

Կրեմլ․ Փաշինյանը և Պուտինը քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների առանցքային հարցերը


ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ՌԴ նախագահի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, 6-ը դեկտեմբերի, 2018թ․

Այսօր ցերեկը Կրեմլում նախատեսված են Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը Մոսկվա է ժամանելու կարճատև աշխատանքային այցով: Կրեմլի պաշտոնական կայքում նշված է, որ Փաշինյանն ու Պուտինը քննարկելու են երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերը և Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն կազմակերպություններում երկու երկրների փոխգործակցությունը:

Հարցերից մեկը, որ Փաշինյանն ու Պուտինը ամենայն հավանականությամբ կքննարկեն, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի հարցն է: Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Զասն արդեն հասցրել է առանձին հանդիպումներ ունենալ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների, այդ թվում՝ Պուտինի հետ: Ռուսական կողմը Պուտին-Զաս հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն չէր տարածել:

«Նեզավիսիմայա գազետա»-ն երեկ գրել էր, թե ամենայն հավանականությամբ՝ Պուտինին կհաջողվի համոզել Փաշինյանին ընդունել Զասի թեկնածությունը, ընդունել, որ Հայաստանի ներկայացուցիչ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո ՀԱՊԿ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը ռոտացիոն կարգով կանցնի Բելառուսին ոչ թե 2020 թվականից, այլ արդեն եկող տարվանից:

Ռուսաստանյան նույն պարբերականը գրել է, որ Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում է նաև գազի հնարավոր թանկացման հարցը:

Էներգակիրների հետ կապված՝ վերջին շրջանում Ռուսաստանը կոշտ դիրքորոշում է որդեգրել նաև իր ամենամտերիմ դաշնակից Բելառուսի հետ բանակցություններում:

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները հավանաբար կքննարկեն նաև ղարաբաղյան խնդիրը: Սա ավանդական հարց է երկու երկրների ղեկավարների հանդիպումների օրակարգում:

Վերջին անգամ Պուտինն ու Փաշինյանը հանդիպել են դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում, որտեղ հավաքվել էին հետխորհրդային երկրների ղեկավարները:

Ռուսաստանի նախագահը մինչ օրս չի շնորհավորել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար և «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանին դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG