Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ռազմական դրությունը չեղարկվել է


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարում է ռազմական դրությունը չեղարկելու մասին, Կիև, 26-ը դեկտեմբերի, 2018թ.
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարում է ռազմական դրությունը չեղարկելու մասին, Կիև, 26-ը դեկտեմբերի, 2018թ.

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երեկ ընդունել է Կերչի նեղուցում ռուսների հետ բախման կապակցությամբ երկրում մտցված ռազմական դրությունը չեղյալ հայտարարելու որոշում:

«Սա իմ սկզբունքային որոշումն է, այն հիմնվում է երկրում անվտանգության հետ կապված բոլոր հանգամանքների վերլուծության վրա», - ասել է նախագահը:

Այդ մասին Պորոշենկոն հայտարարել է Կիևում գումարած Անվտանգության խորհրդի նիստում:

Միաժամանակ, ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Ռուսաստանի Դաշնության 16-60 տարեկան արական սեռի քաղաքացիների Ուկրաինա մուտքի արգելքը մնում է ուժի մեջ:

Ուկրաինայի խորհրդարանը նոյեմբերի 26-ին է հաստատել ռազմական դրություն մտցնելու նախագահի առաջարկը: Այս ընթացքում ավելի քան 1600 ռուսաստանցի տղամարդկանց արգելել են հատել Ուկրաինայի սահմանը:

Ռուս-ուկրաինական առանց այն էլ լարված հարաբերություններում վերջին սրումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռուսները նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում հարձակվել և գրավել են երեք ուկրաինական ռազմանավ, ուկրաինացի 24 նավաստիներ գերեվարվել են:

Մոսկվան պնդել է, թե ուկրաինացիները խախտել են Ռուսաստանի ծովային սահմանը:

Դրանից հետո Կիևը ռազմական դրություն է հայտարարել Ռուսաստանի հետ սահմանակցող տասը շրջաններում:

Ռուսները հայտարարել են, որ ուկրաինական կողմը միտումնավոր է այդ սադրանքը կազմակերպել Կերչի նեղուցում, քանի որ Պետրո Պորոշենկոն հիմա ունի ցածր վարկանիշ և կարող է պարտվել 2019 թվականի մարտի վերջին կայանալիք նախագահական ընտրություններում:

Ավելին, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան դեռ այս շաբաթ ասել է, թե Կիևը զորք է մոտեցնում Դոնբասի շրջանին և ծրագրում է ռազմական նոր գործողություններ: Նա ակնարկել է նաև, թե դա Պորոշենկոյին թույլ կտա երկարաձգել և՛ ռազմական դրությունը, և՛ նախագահական ընտրությունները:

«Անձամբ իմ և մեր ամբողջ թիմի համար դեմոկրատիայի պաշտպանությունը ոչ պակաս կարևոր է, քան երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովումը: Եվ մենք երաշխավորում ենք, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի մարտի 31-ին»,- հայտարարել է Պորոշենկոն:

Նա ասել է, որ եթե չլիներ գալիք ընտրությունների գործոնը, թերևս, ճիշտ կլիներ շարունակել ռազմական դրությունը:

«Դժբախտաբար, մեզ չի հաջողվել ամբողջությամբ իրականացնել մեր նպատակները և տուն վերադարձնել մեր 24 նավաստիներին, բայց ես՝ որպես նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար, հավաստիացնում եմ, որ ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը, ամբողջ Ուկրաինայի ժողովուրդը, մենք բոլորս ձեզ հետ ենք, տղերք», - ասել է Պորոշենկոն:

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ռուսական վտանգը բնավ չի վերացել, տեղեկատվական պատերազմն Ուկրաինայի դեմ շարունակվում է: Ուկրաինան չի հրաժարվի արևմտյան ինտեգրման նպատակից:

«Փետրվարին ես կխնդրեմ Գերագույն ռադային ընդունել Սահմանադրության լրամշակում, որը մեկընդմիշտ կամրագրի Եվրոպական միությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու մեր ճանապարհը և այն կդարձնի պարտադիր նախագահի, կառավարության, խորհրդարանի և ամբողջ հանրության համար», - ասել է Պետրո Պորոշենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG