Մատչելիության հղումներ

Թրամփ. Ամերիկան չպետք է պատերազմի ուրիշների փոխարեն


Իրաք - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանիա Թրամփի հետ «Ալ Ասադ» ռազմաբազայում, 26-ը դեկտեմբերի, 2018թ․
Իրաք - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանիա Թրամփի հետ «Ալ Ասադ» ռազմաբազայում, 26-ը դեկտեմբերի, 2018թ․

Նախագահության գրեթե երկու տարիների ընթացքում առաջին անգամ Դոնալդ Թրամփը այցելեց Մերձավոր Արևելքում ծառայող ամերիկացի զինվորականներին: Սպիտակ տան ղեկավարը անսպասելի այցով Բաղդադից արևմուտք գտնվող «Ալ Ասադ» ռազմաօդային բազա ժամանեց չորեքշաբթի ուշ երեկոյան: Այցի ընթացքում ԱՄՆ նախագահին ուղեկցում էր առաջին տիկին Մելանիա Թրամփը:

Միացյալ Նահանգների նախագահն ու նրա կինը Իրաքում շուրջ երեք ժամ անցկացրեցին` չլքելով ռազմաբազայի տարածքը: Կարճատև այս այցելության ընթացքում Թրամփը իր երախտագիտությունը հայտնեց Իրաքում ծառայող ամերիկացի զինվորականներին` անդրադառնալով նաև վերջին օրերի ամենահրատապ թեմային` Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերմանը:

«Սիրիայի վերակառուցումը քաղաքական լուծում է պահանջում՝ լուծում, որի գինը պետք է վճարեն այդ երկրի հարուստ հարևանները, այլ ոչ թե Միացյալ Նահանգները: Թող այդ պետությունները վճարեն, և նրանք վճարելու են: Թերևս արդեն տեղյակ եք, որ Սաուդյան Արաբիան արդեն իսկ պարտավորվել է [Սիրիայի] զարգացման համար լուրջ գումարներ ծախսել: Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ խոստացել է արմատախիլ անել «Իսլամական պետության» մնացորդները: Մենք աշխատելու ենք նրանց հետ», - հայտարարում էր Թրամփը՝ դիմելով Իրաքում ծառայող ամերիկացի զինվորականներին:

«Ալ Ասադ» ռազմակայանում հնչեցրած ելույթում Դոնալդ Թրամփը նաև նշում էր, թե դեռ վաղուց էր ցանկանում Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հրաման արձակել, սակայն Պենտագոնի ղեկավարությունն ամեն անգամ խնդրում էր այդ որոշումը հետաձգել ևս վեց ամսով:

«Մեր ներկայությունը Սիրիայում երբեք չի դիտարկվել որպես մշտական և անժամկետ: Մենք Սիրիա մուտք գործեցինք երեք ամսով և այդպես էլ չլքեցինք այդ երկիրը: Այժմ, սակայն, մենք պատրաստվում ենք վերջ տալ այդ ամենին», - նշում էր ԱՄՆ նախագահը:

«Սիրիայից ԱՄՆ ուժերը դուրս են բերվելու շատ հստակ, ծրագրված և կարգապահ ձևով: Դրա հետ մեկտեղ՝ մենք կպահպանենք ամերիկյան ուժերի ներկայությունը Իրաքում: Դա հնարավորություն կտա մեզ կանխել «Իսլամական պետության» վերածնունդն ու նոր ընդվզումները, ինչպես նաև մեզ թույլ կտա հետևել Իրանին», - հայտարարում էր Միացյալ Նահանգների նախագահը:

Այս պահին Իրաքում շուրջ 5 հազար ամերիկացի զինվորականներ են տեղակայված, որոնք հիմնականում զբաղված են Իրաքի կառավարական ուժերի հետ մարզումներ իրականացնելով և խորհրդատվական գործունեությամբ: Ընդամենը 10 տարի առաջ Իրաքում տեղակայված ամերիկացի զինվորականնների թիվը հասնում էր 160 հազարի: Դոնալդ Թրամփի համոզմամբ՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի աստիճանական նվազեցման գլխավոր պատճառներից մեկը նման ռազմական գործողությունների ոչ-շահավետ բնույթն է:

«Ամերիկան չպետք է պատերազմի աշխարհի յուրաքանչյուր երկրի փոխարեն: Շատ դեպքերում մենք դրա դիմաց նույնիսկ համարժեք փոխհատուցում չենք ստանում: Եթե նրանք ցանկանում են, որ մենք կռվենք, ապա պետք է հստակ գին վճարեն, և երբեմն խոսքը հենց ֆինանսական վճարի մասին է: Այնպես որ՝ մենք այլևս աշխարհի միամիտները չենք», - հայտարարում էր Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG