Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը 2019-ին Ղարաբաղի հարցում դրական տեղաշարժերի հույս ունի


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահը հաջորդ տարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դրական տեղաշարժերի հույս ունի: Այդ մասին Իլհամ Ալիևը հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում:

Ալիևը հավելել է, թե Բաքուն կշարունակի իր քաղաքականությունը՝ ուղղված ցուցադրելուն, թե ինչ առավելություններ կբերի խաղաղությունը տարածաշրջանին և ինչ դժվարություններ կլինեն Հայաստանում, եթե չլինի խաղաղությունը:

«Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի նոր իշխանությունը կկարողանա իրականացնել երկրի բարեփոխման ուղղությամբ իր բոլոր պլանները միմիայն հակամարտության կարգավորման դեպքում», - ասել է Ադրբեջանի նախագահը` կրկին պնդելով․ - «Դրա համար նրանք պետք է դուրս գան այն տարածքներից, որոնք իրենց չեն պատկանում, և հնարավորություն տան տասնյակ հազարավոր ադրբեջանցիներին վերադառնալ իրենց հողերը»:

Ալիևը կրկին ընդգծել է, որ այդ հարցում փոխըմբռնման հասնելու հույսեր ունեն, բայց հավելել է, թե չի կարող գուշակություններ անել: «Ժամանակը ցույց կտա», - նշել է նա՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչով է պայմանավորված հույսը, որի մասին վերջին օրերին պարբերաբար խոսում են Ադրբեջանի իշխանությունները:

Ծավալուն հարցազրույցում Իլհամ Ալիևը կրկին պնդել է, թե դրսից փորձում են ապակայունացնել Ադրբեջանը, որ Բաքվին փորձում են ներքաշել միջազգային որոշ արկածախնդրությունների մեջ, «բայց այդ փորձերը, ինչպես միշտ, ձախողվում են»:

Հերթական անգամ հերքելով Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների մասին պնդումները, Ալիևը այնուհետև սրտնեղել է, թե հակաադրբեջանական բանաձևեր են ընդունում այնպիսի կառույցներ, որոնց Ադրբեջանը նույնիսկ չի էլ անդամակցում: «Այ դա ավելի ու ավելի ժպիտ է առաջացնում», - հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը, ով նույնպես բազմիցս Հայաստանի դեմ բանաձևեր է նախաձեռնել այնպիսի կազմակերպություններում, որոնց Հայաստանը չի անդամակցում, ինչպես, օրինակ Իսլամական համագործակցության կազմակերպությունում:

Ալիևը, ենթադրվում է, նկատի ունի Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որում եվրոպացի խորհրդարանականները նախապայմանների մի մեծ ցանկ են ներկայացրել՝ խորհուրդ տալով Եվրամիության ղեկավարությանը Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրել միայն դրանց կատարումից հետո: Եվրախորհրդարանի կողմից ընդունված այդ փաստաթղթում մասնավորապես ընդգծվում է՝ Եվրամիություն-Ադրբեջան նոր համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը ուղղակիորեն կախված կլինեն քաղբանտարկյալների ազատ արձակումից և կոռուպցիայի դեմ Բաքվի պայքարի արդյունավետությունից:

Ռուսաստանյան պետական հեռուստաընկերության հետ զրույցում Իլհամ Ալիևը հպարտությամբ է խոսել Ռուսաստանի հետ բարձր մակարդակի հարաբերություններից՝ վստահեցնելով, որ դրանք շարունակում են խորանալ: «Ռուսաստանի հետ հուսալի բարեկամներ ենք, ինչը ապացուցվել է բազմիցս», - նշել է Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG