Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը նախապայմանների պատկառելի ցանկ է ներկայացնում Ադրբեջանին


Եվրախորհրդարանի նիստ, արխիվ

Եվրամիություն-Ադրբեջան նոր համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը ուղղակիորեն կախված կլինեն քաղբանտարկյալների ազատ արձակումից և կոռուպցիայի դեմ Բաքվի ծավալած արդյունավետ պայքարից: Երեկ Ստրասբուրգում կայացած լիագումար նիստի ժամանակ քվեների 564 կողմ, 69 դեմ հարաբերակցությամբ նման բանաձև է ընդունել Եվրոպական խորհրդարանը:

Եվրոպացի խորհրդարանականները նախապայմանների բավական պատկառելի մի ցանկ են ներկայացրել, խորհուրդ տալով ԵՄ ղեկավար մարմնին` Եվրոպական հանձնաժողովին Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրել միայն դրանց կատարումից հետո: Եվրոպական խորհրդարանի անդամները մասնավորաբար պահանջում են, որպեսզի ԵՄ և Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացումը կախված լինի ժողովրդավարության նորմերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների ցուցաբերած հարգանքից, օրենքի գերակայության և մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության վիճակից:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է հստակորեն ըմբռնեն, որ Բրյուսելի հետ համապարփակ համաձայնագիրը չի վավերացվի, եթե այդ երկիրը ոտնահարում է ԵՄ հիմնարար արժեքները», - նշում են բանաձևի հեղինակները:

Եվրախորհրդարանի անդամները պնդում են, որ մինչև համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատ արձակեն բոլոր քաղաքական և խղճի բանտարկյալներին: Բացի այդ, ըստ բանաձևի հեղինակների, Եվրամիությունը պետք է օժանդակություն ցուցաբերի Ադրբեջանին` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման, ինչպես նաև խաղաղ հավաքների ազատության ապահովման հարցում, նպաստի այդ երկրում դատական համակարգի բարեփոխումների իրականացմանը:

Եվրոպացի պատգամավորների համոզմամբ՝ պաշտոնական Բաքվի առջև ծառացած առանցքային խնդիրներից մեկը նաև կոռուպցիայի դեմ պայքարն է:

«Հարկավոր է հստակ միջոցներ ձեռնարկել տնտեսական հանցագործությունների, կոռուպցիայի, փողերի լվացման և հարկերից խուսափելու դեմ պայքարի շրջանակներում: Անհրաժեշտ է նաև հետաքննություն իրականացնել փողերի լվացմանը վերաբերող այսպես կոչված «Ադրբեջանական լվացքատան» գործի շրջանակներում», - նշված է Եվրոպական խորհրդարանի կողմից երեկ հաստատված բանաձևում:

«Այսօր կայացած քվեարկությունը վկայում է, որ Եվրոպական խորհրդարանը ուշի ուշով հետևելու է Ադրբեջանում ծավալվող իրադարձություններին: Հուսով եմ, որ մենք կկարողանանք մինչև բանակցությունների ավարտը Ադրբեջանում ժողովրդավարական չափանիշների հարցում առաջընթաց ապահովել», - քվեարկության ավարտին հայտարարել է Ադրբեջանի հարցով զեկուցող Նորիկա Նիկոլայը:

Ադրբեջան-Եվրամիություն նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2017 թվականի փետրվարին, սակայն մինչ օրս կողմերը որևէ առաջընթացի մասին չեն հաղորդում: Առայժմ ուժի մեջ է մնում 1999 թվականին Բաքվի և Բրյուսելի միջև կնքված համաձայնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG