Մատչելիության հղումներ

Անդրանիկ Քոչարյան․ Այս փուլում արդեն «Մարտի 1»-ի գործը հնարավոր է բացահայտել առանց Միքայել Հարությունյանի


2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ այս փուլում արդեն «Մարտի 1»-ի գործը հնարավոր է բացահայտել առանց պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի: Այդ մասին նա հայտարարեց «Ազատությանը» տված հարցազրույցում:

«Միքայել Հարությունյանը, ըստ էության, Ռուսաստանի քաղաքացի է, բայց նա նաև Հայաստանի պաշտպանության նախարարն է եղել և ստորագրել է այն հրամանը, որի շուրջ ծավալվում են այս քննության ընթացքում լայնածավալ քննչական գործողությունները՝ 0038-ը: Գուցե այս էտապում պետք է բավարարվել նրանով, որ ձեռք է բերել Փաստահավաք խումբը Միքայել Հարությունյանին հարցաքննելով, և որոշակի տեղեկատվություն ստացել ենք մենք իրենից, և կարծում եմ՝ նախաքննական մարմինը իր տրամադրության տակ ունի այդ ձայնագրությունները», - ասաց Քոչարյանը՝ շարունակելով․ - «Միաժամանակ, այդ հրամանի մեջ ներառված են բազմաթիվ այլ զինվորականներ, որոնք փետրվարի 23-ից սկսած՝ հայտնի խորհրդակցությունից հետո, մեծ տեղեկատվություն կրող են, որոնք նաև մասնակից են եղել տարբեր գործողությունների: Էնպես որ, նախաքննության ընթացքում անուղղակի կլինեն նաև քննության ընթացքում ձեռք բերված նոր ապացույցներ, որոնք պարզապես կլրացնեն Միքայել Հարությունյանի բացակա լինելը»:

«Բայց էստեղ գործ ունենք մեկ այլ՝ բարոյական խնդրի հետ», - շեշտեց նախկին Փաստահավաք խմբի անդամը՝ պարզաբանելով․ - «Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած մարդը անհետ կորել է, և նրան պետք է, այդ առումով, հայտնաբերել և բերել Հայաստան, եթե ինքը իր կամքով ցանկություն չունենա գալու: Դա պետության խնդիրն է, բայց ես կարծում եմ, որ Միքայել Հարությունյանը շուտ թե ուշ կհամոզվի, որ իր գալը բոլոր առումներով ճիշտ է, հատկապես՝ հայոց պետականության և նոր իրողություններից ելնելով»:

«Ազատություն»․ - Հաշվի առնելով, որ արդեն հինգ ամիս է՝ հետախուզման մեջ է և չի եկել, դժվար է նման պնդում անել, բայց, այնուամենայնիվ, Դուք կարծում եք, որ առանց Միքայել Հարությունյանի էլ հնարավոր է լինելու այդ 0038 գաղտնի հրամանի իրական հեղինակին՝ տվյալ դեպքում, ինչպես Դուք եք պնդում, Ռոբերտ Քոչարյանին բացահայտել, թե ինչպես այդ հրամանը տեղի է ունեցել:

Անդրանիկ Քոչարյան․ - Իհարկե: Վերջին հաշվով՝ մենք գործ ունենք կոնկրետ փաստի հետ, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք ներկայացվեց ամիսներ առաջ, ինքը կարճ ժամանակով հայտնվեց մեկուսարանում, հետո տարբեր իրավական գործընթացների արդյունքում դուրս եկավ, բայց վերաքննիչ բողոքը բավարարվեց <…>: Նշանակում է՝ մեղադրանքի ծավալը, որի հիմքում եղել է նաև 0038 հրամանի ապացույցների ամբողջ բազան, բավարարված կարող ենք համարել, որովհետև հակառակ դեպքում որևէ հեռանկար չէր լինի: Եվ դա տեղի է ունեցել Միքայել Հարությունյանի բացակայության պայմաններում: Նշանակում է՝ նախաքննական մարմինը ձեռք է բերել նաև այլ ապացույցներ, որոնք պարզապես լրացրել են հիմնական, բազիսային դրվագը:

«Ազատություն»․ - Ի դեպ, հենց այդ այլ ապացույցների մասին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը անցած շաբաթ օրը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված՝ Զինված ուժերի հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ: Ես ուզում եմ հիշեցնել, որ Արշակ Կարապետյանը 2008-ին ընդգրկված է եղել այդ հայտնի 0038 հրամանով ձևավորված Երևանի կայազորի պետի վարչակազմում և եղել է կայազորի պետ Յուրի Խաչատուրովի տեղակալը: Այսինքն՝ կարող էինք ենթադրել, որ այդ ցուցմունքը հենց նաև այս հրամանագրի շրջանակներում է տեղի ունեցել:

Քոչարյան․ - Ոչ, մենք պետք է այլ ենթադրություններ էլ անենք: Կենտրոնանալ Արշակ Կարապետյանի ցուցմունքի վրա, ինչպես ներկայացնում է պարոն փաստաբանը, ինքը մի քիչ շատ մակերեսային մոտեցում է ցուցաբերել, որովհետև 0038 հրամանի մեջ ներառված են եղել բազմաթիվ զինվորականներ, ամբողջ էդ հրամանի էությունը կայանում է նրանում, որ Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի և նախարարության կառուցվածքային փոփոխությունները իրականացվել և այնտեղի, Զինված ուժերի առանցքային ստորաբաժանումների ղեկավարները ենթարկեցվել են սպառազինության գծով նախարարի տեղակալին՝ ամբողջ բանակի կառուցվածքը փոխելով, որի իրավունքը ոչ մեկը չուներ՝ նույնիսկ Միքայել Հարությունյանը:

Ես կարծում եմ, որ Արշակ Կարապետյանից բացի ցուցմունքներ տված կլինեն շատ-շատերը, և դա ճիշտ է, որովհետև բանակը պետական կառույց է, և էնտեղ գողական բարքերով պետք է չշարժվել՝ եթե տեղի է ունեցել հանցագործություն, բոլոր զինվորականները, որոնք ինչ-ինչ առումներով արդեն նախաքննության ընթացքում պետք է բացատրություն տան, պարտավոր են տալ:

Հատուկ քննչական ծառայությունն (ՀՔԾ) օրերս ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանն այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, 2008-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի։ ՀՔԾ-ն լրացուցիչ հարցում է ուղարկել ՌԴ՝ պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ։ Սեպտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Ռուսաստան դադարեցրել է իր տարածքում նրա նկատմամբ հետախուզումը։

Անդրանիկ Քոչարյանի հետ հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG