Մատչելիության հղումներ

Մոսկվան պնդում է, թե Կիևը լայնածավալ մարտական գործողություններ է ծրագրում


Իրավիճակը Դոնբասի շրջանում, 24-ը դեկտեմբերի, 2018թ.
Իրավիճակը Դոնբասի շրջանում, 24-ը դեկտեմբերի, 2018թ.

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե «հավանական է, որ Ուկրաինան առաջիկա մի քանի օրերին նախաձեռնի լայնածավալ մարտական գործողություններ»:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովայի փոխանցմամբ՝ «Կիևը մոտ ապագայում սադրանք է ծրագրում»:

Ըստ ռուսական կողմի, ուկրաինացիները ստորաբաժանումներ են կուտակում երկրի հարավարևելյան շրջանում, ինչը կարող է վկայել Դոնբասում գործողություններ իրականացնելու նախապատրաստման մասին:

Երկու երկրների հարաբերությունները խիստ սրվել են այն բանից հետո, երբ Ռուսաստանը նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում ուկրաինական երեք ռազմանավ է առգրավել:

Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը դատապարտել են Ռուսաստանի այդ գործողությունը և պահանջել են անհապաղ վերադարձնել նավերն ու ազատ արձակել գերեվարված նավաստիներին:

«Ցամաքային գործողությունից զատ, Կիևը որոնում է լարվածությունը սաստկացնելու և ռազմական դրությունը երկարաձգելու ուղիներ, մեզ խիստ անհանգստացնում են նաև ուկրաինական մամուլում հետզհետե ավելի հաճախ հրապարակվող այսպես կոչված «փորձագետների» մտորումները քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին», - երեկ ասել է Զախարովան:

Մոսկվան պնդում է, թե ցածր վարկանիշ ունեցող Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ցանկանում է երկարաձգել ռազմական դրությունը և հետաձգել 2019 թվականի մարտի վերջին կայանալիք նախագահական ընտրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG