Մատչելիության հղումներ

Տիգրան Հեքեքյան․ Անգամ վարչապետի հանձնարակա՞նն է այդպես հեշտությամբ անտեսվում


.
.

Վաղուց ի վեր համաշխարհային ճանաչման արժանացած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը վերջին համերգն է ունեցել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում հոկտեմբերի 11-ին:

Դրանից հետո անգամ փորձեր չեն անցկացրել մի պարզ պատճառով․ Արամի 23 հասցեում գտնվող իրենց շենքը, որը պատմամշակութային հուշարձանների ցանկում է, 4-րդ կարգի վթարային շենք է ճանաչվել Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

Իսկ Մշակույթի նախարարությունը որևէ ազատ տարածք, որպես փորձասենյակ, այդպես էլ չի կարողանում ոչ մի կերպ գտնել:

Իսկ թե ինչու է այդ երկհարկանի, դեռ կանգուն շենքը դարձել 4 -րդ կարգի վթարային շենք, ապա կրկին մի պարզ պատճառով՝ այդ տարածքում «Հին Երևան » նախագծի շրջանակներում շինարարություն իրականացնող ընկերությունը ամռանն այնպիսի փորման աշխատանքներ է կատարել, որոնք ամբողջովին խարխլել են Արամի 23 հասցեում գտնվող շենքի հիմքերը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեյանը իրենց կողմից պատկան բոլոր մարմիններին հղած մի շարք նամակներ ներկայացրեց, որոնք, իր իսկ խոսքով, ոչ մի կերպ չեն նպաստել, որ ի վերջո սկսվի շենքի ամրակայման գործընթաց: Ավելին՝ նաև մի քանի լուսանկարներ ներկայացրեց, որոնցից պարզ է դառնում, թե ինչպես են մեծացել շենքի պատերի ճաքերն այս մի քանի ամիսների ընթացքում:

Իսկ Քաղաքաշինության կոմիտեից ստացված առաջարկը մերժվել է հենց իր՝ Տիգրան Հեքեքյանի կողմից․ - «Միակ իրենց առաջարկը՝ մոմլաթով փակենք այդ պատը, որպեսզի խոնավորություն չանցնի ոչ շենքի պատին, ոչ էլ հողին: Առանց ինձ հետ խոսելու, առանց ինձ հետ բանակցելու․․․ մարդ են ուղարկել շինարար, ասել են՝ գնա մեխի [մոմլաթը]: Բացատրում եմ՝ գնա ասա, որ էդ մեթոդները արդեն հնացած են աշխարհում, կան ավելի ժամանակակից մեթոդներ: Դուք կարող եք հատուկ նյութով պատել այդ պատը, իսկ հողը, որ բարեբախտաբար մի քիչ թողել եք, այդտեղից ամրակայեք: Ասում է՝ լավ, գնամ ասեմ, որ հրաժարվում եք․․․ Երբ որ ես ահազանգեցի, որ դուք ոչինչ չեք անում, վարչապետի հրահանգը չեք կատարում, ինչ որ պիտի մտածեն, չէ՞․․․ պիտի ասեն, որ Հեքեքյանը չի թողում․․․ Ես էլ բացատրում եմ՝ եթե կարող ես քաղաքակիրթ ձևով անել, մի հարյուր հազար դրամ էլ ավելի փող ծախսեք, բայց արեք և շենքին վնաս մի տվեք»:

Ուշագրավ է, որ, ինչպես շեշտում էր Տիգրան Հեքեքյանը, իրենց շենքի հարցով զբաղվում են թե՛ Մշակույթի նախարարությունը, թե՛ քաղաքպետարանը, թե՛ Քաղաքաշինության կոմիտեն, թե՛ դատախազությունը: Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է նոյեմբերի 23-ին այցելել և, անձամբ ծանոթանալով իրավիճակին, համապատասխան հանձնարարականներ է տվել, բայց միևնույն է, ոչ մի կերպ չի հաջողվում պաշտոնապես պարտադրել շենքը վնասած կառուցապատող ընկերությանը ամրակայել պատմամշակութային հուշարձան հանդիսացող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին սեփականության իրավունքով պատկանող շենքը:

Այցի ժամանակ վարչապետը շեշտել է, որ շենքը չի քանդվելու և պետք է շտապ վերանորոգել այն:

Տիգրան Հեքեքյանը տարակուսած է՝ այսինքն անգամ վարչապետի հանձնարակա՞նն է այդպես հեշտությամբ անտեսվում․ - «Եթե Արամի 23 շենքը վթարային է դարձել նախորդ քաղաքային իշխանությունների կողմից ՀՀ օրենքների և կառավարության որոշումների կոպիտ խախտումների պատճառով, ապա շենքի փլուզման պատճառը կհանդիսանա ներկա իշխանությունների արտարբերությունն ու դանդաղկոտությունը: Այսինքն․․․ քայլենք, փողոց փակենք․․․ ուրիշ ձև չկա՞»:

Իսկ ամենաուշագրավն այս պատմության մեջ քաղաքապետարանից բոլորովին վերջերս ստացված պատասխանն է, որով առաջարկվում է Տիգրան Հեքեքյանին շենքի ամրակայման նախագծի թույլատվության համար նախ ստանալ «Օլդ Սիթի» կառուցապատող ընկերության համաձայնությունը, ընկերություն, որի աշխատանքների շնորհիվ էլ հենց վնասվել է երգչախմբին պատկանող շենքը:

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ներկա էր նաև Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

Նրա խոսքով, օրենքով է ամրագրված հուշարձանը վնասելու դեպքում անմիջապես վերականգնել այն․ - «Պատմության, մշակույթի հուշարձանների, պատմական միջավայրի պահպանության մասին օրենքի 45-րդ հոդվածը շատ հստակ ու պարզ ասում է, որ իր գործունեությամբ հուշարձանին վնաս տվող անձը պարտավոր է վերականգնել վնասը»:

Ասուլիսին ներկա երիտասարդ ճարտարապետ Տաթև Քարտաշյանն ասաց․ - «Նոր Հայաստանում հեղափոխական մթնոլորտը պետք է էս ոլորտ էլ վերջապես ներխուժի, ու էս շենքի պահպանմամբ վերջնականապես ամրակայենք, որ այսուհետ ոչ մի հուշարձակ չի քանդվելու․․․ Հուսով եմ կհասնենք էդ իրավիճակին: Եթե չփրկենք Արամի 23-ը ու օրինակ չդառնա, կվտանգվեն նաև այն շատ քիչ պահպանված շենքերը, որ ինձ թվում է, «Հին Երևան» ծրագրի համար հաջորդ թիրախներն են հանդիսանալու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG