Մատչելիության հղումներ

«Չնայած ամերիկյան զորքերի դուրսբերմանը՝ շարունակելու ենք զսպել Իրանի նկրտումները Սիրիայում». Նեթանյահու


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

«Սիրիայից 2 հազար ամերիկացի զինվորականների դուրսբերման մասին որոշման պատճառով Երուսաղեմի քաղաքականությունն այդ երկրի հանդեպ փոփոխության չի ենթարկվի», - հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Նրա խոսքով՝ հրեական պետությունը շարունակելու է անել հնարավորը՝ Սիրիայում Թեհրանի նկրտումները զսպելու համար:

«Մենք շարունակելու ենք հակազդել իրանական զինուժի` Սիրիայում մշտապես հաստատվելու փորձերին: Չի բացառվում, որ մեր գործողությունների ծավալը Սիրիայում ընդլայնվի», - հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Դեկտեմբերի 19-ին «Ռոյթերզ» և «Ֆրանսպրես» գործակալությունները՝ վկայակոչելով ամերիկյան կառավարությունում անանուն աղբյուրը, հայտնեցին, որ Վաշինգտոնն առաջիկայում կարող է ամերիկյան զորքն ամբողջությամբ դուրս բերել Սիրիայից։

Այս տեղեկատվությունը հաջորդում է Թվիթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կատարած գրառմանը, որում ասվում է․ - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարտությունը մեր զորքի՝ այնտեղ մնալու միակ պատճառն էր»:

Ամերիկյան CNN հեռուստաընկերության տվյալներով՝ պաշտոնից հեռացող Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսն արդեն ստորագրել է Սիրիայից ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերման մասին պաշտոնական հրամանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG