Ամերիկյան CNN հեռուստաընկերության տվյալներով՝ պաշտոնից հեռացող Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը ստորագրել է Սիրիայից ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերման մասին պաշտոնական հրամանը:
Ամերիկյան պաշտպանական գերատեսչությանը մոտ կանգնած աղբյուրների տվյալներով՝ հրամանում հստակեցվում է Սիրիայից ամերիկացի զինվորականների դուրսբերման ժամանակացույցը:
CNN-ի տեղեկություններով՝ ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերումը մեկնարկելու է առաջիկա շաբաթներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ գործընթացը մեկնարկելու է անհապաղ և տևելու է շուրջ երկու ամիս:
Սիրիայի հյուսիսային առավելապես քրդաբնակ շրջաններում տեղակայված է շուրջ 2 հազար ամերիկացի զինվորական:
Դեկտեմբերի 19-ին «Ռոյթերզ» և «Ֆրանսպրես» գործակալությունները՝ վկայակոչելով ամերիկյան կառավարությունում անանուն աղբյուրը, հայտնեցին, որ Վաշինգտոնն առաջիկայում կարող է ամերիկյան զորքն ամբողջությամբ դուրս բերել Սիրիայից։
Այս տեղեկատվությունը հաջորդում է Թվիթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կատարած գրառմանը, որում ասվում է․ - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարտությունը մեր զորքի՝ այնտեղ մնալու միակ պատճառն էր»: