Մատչելիության հղումներ

Դատախազությունը կբողոքարկի Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխելու որոշումը


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Գլխավոր դատախազությունը բողոքարկելու է վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու դատարանի որոշումը: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազությունից:

Գրիգորյանին 25 միլիոն դրամի դիմաց ազատ արձակելու որոշումը դատարանը կայացրեց երեկ, նույն օրը գեներալը ազատ արձակվեց «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:

Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը «Ազատության» հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ գրավով ազատ արձակելու՝ դատավորի որոշման համար հիմք է հանդիսացել իր պաշտպանյալի առողջական ծանր վիճակը։

Էջմիածնում երեկվանից բողոքի ցույցեր են անցկացվում դատարանի որոշման դեմ, քաղաքացիները փակել են Էջմիածին-Երևան ավտոմայրուղին:

62-ամյա Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ, նա կալանավորված էր այս տարվա հունիսից։

Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր, մասնավորապես, «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք այն արկղերը, որոնք լի էին հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG