«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկվել էր երեք հոգու՝ իր, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի, կրթության և գիտության նախարարաի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի թեկնածությունները։
«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ Սիմոնյանն ասաց՝ թեկնածուն պետք է ընդունելի լինի բոլորի համար և որոշվեց այդ պաշտոնում առաջարկել Արարատ Միրզոյանի թեկնածությունը։
Նշենք, որ Ազգային ժողովի փոխխոսնակների պաշտոններում էլ առաջադրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները, մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն էլ կգլխավորի խմբակցությունը։
Սիմոնյանը խորհուրդ տվեց որևիցե մեկի տեղափոխությունը չկապել նրա կատարած աշխատանքի հետ։
«Ազատություն». - Ինչո՞ւ Ձեր թեկնածության վրա կուսակցությունը կանգ առավ։ Արդյո՞ք դա Ձեր ցանկությունն էր։
Ալեն Սիմոնյան. - Մեծ քննարկում տեղի ունեցավ կուսակցության վարչությունում, և սկսվեց ամեն ինչ ինքնաառաջադրումից։
«Ազատություն». - Իսկ ինչո՞ւ ոչ նախագահի պաշտոնին, հավակնե՞լ եք դրան։
Ալեն Սիմոնայն. - Այո, հավակնել եմ, Ազգային ժողովի նախագահի երեք թեկնածու կար՝ իմ թեկնածությունը, Արարատ Միրզոյանի թեկնածությունը և Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, որոշում կայացվեց, որ թեկնածուն պետք է լինի կոնսեսուսային, այսինքն՝ որոշումը պետք է ընդունելի լինի բոլորի համար։
«Ազատություն». - Եվ այդ դեպքում համաձայնեցի՞ք փոխնախագահի պաշտոնում։
Ալեն Սիմոնյան. - Այո, իհարկե համաձայնեցի, որովհետև թիմի անդամ լինելը դա նաև ենթադրում է, որ դու պետք է պատրաստ լինես թիմով խաղալ։
«Ազատություն». - Քանի որ Արայիկ Հարությունյանի անունը տվեցիք, դա նշանակո՞ւմ է, որ նա գալիս է խորհրդարան։
Ալեն Սիմոնյան. - Ոչ, չի նշանակում, այդ հարցի վերջնական որոշումը կկայացնի վարչապետը, բայց ամենայն հավանականությամբ, պարոն Հարությունյանը կշարունակի ղեկավարել Կրթության և գիտության նախարարությունը։ Դա իմ կարծիքն է։
«Ազատություն». - Խորհրդարանի նախագահությունը երիտասարդանում է, այստեղ մտահոգություն է հնչում, որ առանց քաղաքական փորձի այսպիսի պատասխանատվություն ստանձնելը կարող է վտանգավոր լինել։
Ալեն Սիմոնյան. - Խորհրդարանի նախագահության երեք ներկայացուցիչն էլ ունեն Ազգային ժողովի աշխատանքային փորձ, մենք մեր գործունեությամբ ենք նաև թեկնածու դարձել և վարչությունը նաև դրա համար է քննարկել իմ գործընկեր Լենա Նազարյանի գործունեությունը՝ շատ բուռն է եղել, պարոն Միրզոյանի գործունեությունն Ազգային ժողովում, ինչպես նաև հեղափոխության ժամանակ շատ բուռն է եղել, ուստի համաչափ է, ըստ իս, և շատ ճիշտ ու շատ լավ կազմ ենք մենք կարողացել առաջարկել։
«Ազատություն». - Իսկ Լիլիթ Մակունցը, նա նոր է մտնում խորհրդարան և միանգամից անկախության շրջանի ամենամեծ խմբակցություններից մեկն է ղեկավարելու՝ 88 պատգամավոր, մեծ մասը տղամարդ։
Ալեն Սիմոնյան. - Դա շատ բարդ աշխատանք է, ի դեպ քննարկվել են նաև այլ թեկնածուներ։ Լիլիթ Մակունցի աշխատանքը ցույց է տվել, որ ինքը կարող է լինել անաչառ, այդ Ձեր ասած մտավախությունը, երբ որ մենք խոսում ենք 88 հոգու մասին, մենք բոլորս հասկանում ենք, որ շատ տարբեր կարծիքներ կարող են լինել, և դա նույնպես դրդապատճառ է եղել, որովհետև ինքն, այսպես ասած, համահարթեցնող հատկություն ունի, և վստահ եմ, որ կկարողանա իր այդ գործառույթը նույնպես կատարել։
«Ազատություն». - Կուսակցությունը Մշակույթի նախարարի պաշտոնում նրա աշխատանքից գո՞հ էր։
Ալեն Սիմոնյան. - Մենք դա չենք քննարկել։
«Ազատություն». - Այսինքն պատճառը դա չէ՞, որ նա գալիս է խորհրդարան։
Ալեն Սիմոնյան. - Չէ, որևիցե մեկի տեղափոխությունը եկեք չկապենք նրա աշխատանքի հետ, որովհետև, ճիշտ է, քննադատություն շատ կա, բայց բոլորիս հետ կապված նաև, բայց բոլորս հասկանում ենք, որ մենք ապրում ենք հետհեղափոխական ժամանակահատվածում։
«Ազատություն». - Կան տեղեկություններ, որ Պետաիրավական հանձնաժողովը նորից առանձնացվելու է Մարդու իրավունքների հանձնաժողովից։ Սա ճի՞շտ է, թե՞՝ ոչ, հիշում ենք, որ ժամանակին «Ելք» խմբակցությունը դեմ էր, որ այս հանձնաժողովները միավորվեն։
Ալեն Սիմոնյան. - Այո, նման որոշում մենք կարծես թե ունենք և գտնում ենք, որ Մարդու իրավունքների հանձնաժողովը պետք է առանձին լինի, և այն քննադատությունը, որը որ «Ելք»-ի իմ գործընկերները ժամանակին հնչեցրել են, հիմա մենք կփորձենք իրականացնել։
«Ազատություն». - Ովքեր են գլխավորելու այդ հանձնաժողովները։
Ալեն Սիմոնյան. - Չեմ կարող ասել, որովհետև նախ պետք է հասկանանք, թե որ հանձնաժողովը, որ կուսակցությանն է Դոնթի բանաձևով անցնելու։ Ենթադրելու եմ, որ կլինի տասը հանձնաժողով, որից երեքն առնվազն կլինի ընդդիմությանը։
«Ազատություն». - Եվրաինտեգրացիայի հանձնաժողովը պահպանվելո՞ւ է։
Ալեն Սիմոնյան. - Կարծես թե այո։
«Ազատություն». - Իսկ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ո՞վ է գլխավորելու։
Ալեն Սիմոնյան. - Ռուբեն Ռուբինյանը, համենայն դեպս առաջարկելու ենք, բայց որոշումը թողնելու ենք խմբակցությանը։