Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովների մի մասի ղեկավարների անունները հայտնի են


«Իմ քայլը» դաշինքի Ազգային ժողովի նախագահի թեկնածուն առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ երեկոյան տեղի ունեցած նիստում Ազգային ժողովի փոխխոսնակների պաշտոններում էլ առաջադրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ Ալեն Սիմոնյանի եւ Լենա Նազարյանի թեկնածությունները:

«Որպես Ազգային ժողովի խոսնակի թեկնածություն առաջադրվել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, որպես փոխխոսնակների թեկնածություններ առաջադրվել են իմ և Լենա Նազարյանի թեկնածությունները», - «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Ալեն Սիմոնյանը:

Կառավարությունը նախատեսում է կրճատել առաջին փոխվարչապետի պաշտոնը, մինչդեռ Արարատ Միրզոյանը վստահեցնում է, թե իր ցանկությունն է եղել խորհրդարան տեղափոխվելը․ - «Հետևաբար ոչ թե համաձայնվել եմ, այլ խոսել ենք, քննարկում եղել ա, և․․․ այո, գիտակցումը կա, որ շատ ծանր աշխատանք ա սպասվում, բայց, կներեք, առաջին փոխվարչապետի աշխատանքն էլ ամենևին թեթևներից չէր»:

Արարատ Միրզոյանն արձագանքեց նաև իրենց խմբակցությանն ուղղված քննադատությանը, թե պատգամավորների մեծամասնությունն անփորձ է, չափազանց երիտասարդ, չունեն բավարար ներուժ դիմակայելու պետության առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին․ - «Ես խնդրում եմ երիտասարդ և փորձի բացակայություն հասկացությունները իրար հետ չկապել, որովհետև բազմիցս ասել ենք, որ մենք տեսել ենք բազմաթիվ փորձառու սրիկաների, բազմաթիվ փորձառու ընտրակեղծարարների, օլիգարխների և այլն, և այլն: Խնդրում եմ նաև պնդում չանել, որ պատգամավորները, ովքեր «Իմ քայլը» դաշինքով անցել են խորհրդարան, կապ չունեն քաղաքականության հետ կամ քաղաքականության մեջ նորեկ են, որովհետև նրանց մեծ մասը․․․ մասնակցել են տարբեր ընդդիմադիր շարժումների, քաղաքացիական շարժումների, քաղաքական շարժումների, պայքարել են մարդու իրավունքների և ժողովրդավարության համար Հայաստանում»:

Ինչ վերաբերում է իշխանության ընդդիմախոսների մեկնաբանություններին, թե նորընտիր խորհրդարանում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, և չկան իրական ընդդիմադիր ուժեր, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները կաշկանդված են իշխանությանը քննադատելու հարցում, Արարատ Միրզոյանը հակադարձեց․ - «Համաձայն չեմ էն դիտարկման հետ, թե ընդդիմություն կա, որը դե յուրե ընդդիմություն է, բայց, չգիտեմ ինչի, փաստացի կաշկանդված է լինելու զանազան հարցերով քննադատել կառավարությանը»:

ԱԺ նախագահի թեկնածուն համամիտ չէ նաև իր որոշ թիմակիցների այն կարծիքներին, թե ընդդիմությունը կարող է ծնվել հենց իշխանության ներսից․ - «Եթե էդ մտքի տակ նկատի է առնվում, որ «Իմ քայլը» դաշինքում ամենևին էլ բոլոր հարցերը ուղղահայաց կերպով չեն հրահանգվելու, դիրքորոշումը չի հրահանգվելու, այլ լինելու են մեծ քննարկումներ ներքին, ապա վստահաբար այո, լինելու են, և որոշումները կայացվելու են քննարկումների արդյունքում»:

Ազգային ժողովում 88 մանդատ ունեցող «Իմ քայլը» խմբակցությունը կղեկավարի Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

«Սա իհարկե բարդ է, ես ձեզ հետ համաձայն եմ: Բայց բարդ է պետական համակարգում բոլոր ոլորտներում: Որևէ հեշտ բան չկա հատկապես այն փուլում, երբ մանդատը իրականում իրացնելու և իրական գործունեություն ծավալելու փուլն է», - ասաց Մակունցը:

Մակունցի թեկնածության վերաբերյալ սոցիալական ցանցերում բացասական արձագանքներ եղան: Հնչեցին նաև կարծիքներ, թե գուցե կարծրատիպեր կոտրելու նպատակով է նրա թեկնածությունն առաջադրվել:

Այս առնչությամբ նա ասաց․ - «Ոչ, սա բնականոն գործընթաց է քաղաքական թիմի առումով: Որևէ մեկին գաղտնիք չի եղել, առավել ևս համամասնական ցուցակին ծանոթանալուց հետո, որ էնտեղ հստակ քաղաքական առաջնահերթությունները ընդգծված են»:

Խմբակցության քարտուղարի պաշտոնը կվստահվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հակոբ Սիմիդյանին:

Ազգային ժողովի որոշ հանձնաժողովների ղեկավարներն էլ են հայտնի: Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդւոյթան հարցերի հանձնաժողովը կղեկավարի սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը: Պետաիրավական հանձնաժողովը՝ Վլադիմիր Վարդանյանը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ կնշանակվի Անդրանիկ Քոչարյանը, իսկ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կվստահվի փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG