Մատչելիության հղումներ

Պետությանը պատճառվել է ավելի քան 425 միլիոն դրամի վնասի


ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական դեպքը:

Պարզվել է, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող «Եռանավ» և «Խաչ 9» ՍՊ ընկերությունները 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում վաճառված բնակարանների վերաբերյալ կնքված առուվաճառքի պայմանագրերում իրական արժեքներից տարբերվող՝ ավելի ցածր գումարներ են ներառել, ինչի արդյունքում հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում չեն արտացոլվել ընկերությունների իրացման շրջանառության իրական ծավալները՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 350 միլիոն ՀՀ դրամի վնաս:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանքներ են առաջադրվել «Եռանավ» և «Խաչ 9» ՍՊ ընկերությունների ղեկավար անձանց և նախաքննության ընթացքում գործով վկաների վրա անօրինական ազդեցություն գործելու, քրեական գործի համար նշանակություն ունեցող նյութերը կեղծելու հիմքով՝ վերջիններս կալանավորվել են:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժի տեղեկացմամբ, ընկերությունների ղեկավար անձանց կողմից ընդունվել են հարկերից խուսափելու փաստը, ինքնակամ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, ինչի արդյունքում առաջացրել ավելի քան 425 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, որից պետական բյուջե է վերականգնվել արդեն 335 միլիոն ՀՀ դրամը:

Պետությանը պատճառված վնասի մեծ մասը վերականգնելու և առաջացրած լրացուցիչ հարկային պարտավորությունները վերականգնելու բավարար երաշխիքների առկայության պայմաններում ընկերության ղեկավար անձանց նկատմամբ փոփոխվել է ընտրված խափանման միջոց կալանավորումը, վերացվել բանկային հաշիվների նկատմամբ կիրառված սահմանափակումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG