Մատչելիության հղումներ

Կենսաբանական լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական բնույթ են կրում. ՀՀ ԱԳՆ խոսնակ


Կենսաբանական լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական բնույթ են կրում, այսօր «Ազատության» հարցմանն ի պատասխան պարզաբանեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ստիպված եմ ևս մեկ անգամ կրկնել, որ խոսքը գնում է Հայաստանի սանիտարահամարաճարակային վերահսկողության բարձրացումն ապահովող լաբորատորիաների մասին, որտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ: Լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական բնույթ են կրում: Հայաստանի պարագայում այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա», - ասաց Նաղդալյանը:

Երեկ պատասխանելով ամերիկյան օժանդակությամբ բացված լաբորատորիաների մասին «Ազատության» հարցին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր. - «Մենք Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում փաստաթղթի մշակումը, որը կերաշխավորի, որ օտարերկրյա զինվորականներ չլինեն Հայաստանում: Այն կերաշխավորի թափանցիկությունը՝ սպառնալիքների ու վտանգների առումով»:

«Ազատության» հարցին ի պատասխան, թե ի՞նչ մեկնաբանություն ունեն Լավրովի բարձրաձայնած փաստաթղթի առնչությամբ, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը ասել էր․- «Կոնտեքստից հասկանում ենք, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորոտորիաների մասին: Սանիտարահամարաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում: Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները»:

Այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ ռուսական և հայկական կողմերի միջև կա երկխոսություն՝ կենսաբանական լաբորատորիայի գործունեության շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG