Մատչելիության հղումներ

Լավրով․ Մոսկվան և Երևանը փաստաթուղթ են մշակում, որը կարգելի Հայաստանում օտարերկրյա զինվորականների ներկայությունը


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Մոսկվան և Երևանը փաստաթուղթ են մշակում, որը կարգելի Հայաստանի տարածքում օտարերկրյա զինվորականների ներկայությունը, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը "Комсомольская правда" ռադիոկայանին տված հարցազրույցում:

Պատասխանելով Հայաստանում տեղակայված երեք ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին հարցին՝ Լավրովն ասել է. - «Մենք Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում փաստաթղթի մշակումը, որը կերաշխավորի, որ օտարերկրյա զինվորականներ չլինեն Հայաստանում: Այն կերաշխավորի թափանցիկությունը՝ սպառնալիքների ու վտանգների առումով»:

Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է, որ նման համաձայնագիր է պատրաստվում նաև Ղազախստանի հետ: Այսօր «Ազատության» հարցին ի պատասխան, թե ի՞նչ մեկնաբանություն ունեն Լավրովի բարձրաձայնած փաստաթղթի առնչությամբ, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը միայն պատասխանել է․- «Կոնտեքստից հասկանում ենք, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորոտորիաների մասին: Սանիտարահամարաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում: Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորթույունները»:

Ռադիոկայանի լրագրողների հետ Լավրովը երկար խոսում էր այն մասին, թե ինչու է Հայաստանում ամերիկյան դեսպանատունը այդքան մեծ, իսկ Ռուսաստանինը՝ փոքր: Ռուսաստանի ԱԳ նախարարն ասում էր, որ, այո, Սորոսը, օրինակ, շատ ակտիվ է աշխատում Հայաստանում, Լավրովն ասել է «մեր տարածքում»՝ ի նկատի ունենալով հետխորհրդային տարածքը:

Նախարարը նաև ասել է, թե Ռուսաստանը միշտ էլ աշխատել է Հայաստանի համակարգային ընդդիմության, այդ թվում նաև՝ «Ելք» խմբակցության 9 պատգամավորների հետ։ Նա խոսել է «փափուկ ուժի» մասին՝ նկատելով, թե Ռուսաստանը այսօր էլ շարունակում է համագործակցել հայաստանյան բոլոր ուժերի հետ:

Սրա հետ մեկտեղ, Սերգեյ Լավրովը կարծես արդարանում էր՝ հայտարարելով, թե Ռուսաստանը զիջում է Միացյալ Նահանգներին հետխորհրդային տարածքում և մասնավորապես Հայաստանում, քանի որ նման հսկայական բյուջե չունի։

"Комсомольская правда" ռադիոկայանին տված հարցազրույցում Լավրովն ասել է, որ չնայած «Ռուսաստանի դեմ ատելությանը» Միացյալ Նահանգներում, որը նա կապում է բացառապես ամերիկյան ներքին գործերի հետ, Ռուսաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ այն ոլորտներում, որոնք կարևոր են երկու երկրների համար, և որտեղ կա սպառնալիք, օրինակ՝ Սիրիայում։

Նախարարը, իհարկե, խոսել է նաև Ուկրաինայի մասին, խոստացել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ չի պատերազմելու, սակայն կոշտ արձագանքելու է ուկրաինական կողմի ցանկացած սադրանքի։ Բացի այդ, Մոսկվան, Լավրովի խոսքով, չի ճանաչի Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները։

Ուկրաինայի իշխանություններին թե՛ "Комсомольская правда"-ի լրագրողները, թե՛ Ռուսաստանի արտգործնախարարը անվանել են «ֆաշիստական»։ Լավրովի խոսքով՝ ռուսական կողմը տվյալներ ունի, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն «իր արևմտյան կուրատորների հետ» առաջիկայում սադրանքներ է նախապատրաստում, որոնց, վստահեցրել է նա, Ռուսաստանը կոշտ պատասխան է տալու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG