Քննչական կոմիտեն հաղորդում է, որ բացահայտվել է Նորվեգիայի Թագավորության քաղաքացուն առերևույթ կողոպտելու դեպքը։ Երեք անձ ձերբակալվել է:
Ըստ հաղորդագրության, նախնական տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի 16-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, Նորվեգիայի Թագավորության քաղաքացու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, հափշտակել են նրա սպորտային պայուսակը, որի մեջ եղել են խոշոր չափերի՝ 750 հազար դրամ, անձը հաստատող փաստաթուղթ, սնունդ, բանկային կրեդիտ քարտեր:
Դեպքի առթիվ նույն օրը Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով և 324-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1-ին մասով:
«Ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր ներկայացվել են նախաքննական մարմին և ձերբակալվել: Վերջիններս Լոռու մարզի բնակիչներ են: Նախաքննության ընթացքում կասկածյալները տվել են խոստովանական ցուցմունք, ինչպես նաև առգրավվել է Նորվեգիայի Թագավորության քաղաքացուց հափշտակված 750 հազար դրամը։ Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում: