Մատչելիության հղումներ

Հնարավոր է առաջիկա ամիսներին ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի նկատմամբ. Քուրտ Վոլքեր


ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլքեր, արխիվ
ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլքեր, արխիվ

Հնարավոր է արդեն առաջիկա ամիսներին Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի նկատմամբ՝ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով, երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլքերն, ով այս հարցը քննարկում է Գերմանիայի և Ֆրանսիայի հետ։

«Այս հարցում մենք Գերմանիայի և Ֆրանսիայի հետ միասին պետք է մի քանի մոտեցում ձևակերպենք, այդ թվում՝ նաև պատժամիջոցների նոր փաթեթ», - ասել է պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչը՝ հավելելով, թե պատժամիջոցների նոր փաթեթը կարող է սահմանվել արդեն առաջիկա երկու ամիսներին։

Վոլքերը երեկ ասել է նաև, թե դեկտեմբերին պատրաստվում էր այցելել Մոսկվա՝ Դոնբասի շուրջ բանակցությունների համար, սակայն չեղարկել է այցը՝ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով։

Վոլքերը հիշեցրել է նաև, որ այդ միջադեպի պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Արգենտինայի մայրաքաղաքում ծրագրված բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը նախատեսվում էր Մեծ քսանյակի գագաթնաժողովի ընթացքում:

«Ես անկեղծ հավատում էի, որ Ռուսաստանը մինչև Սուրբ ծննդյան տոները բաց կթողնի նավաստիներին, սակայն ամեն ինչ վկայում է, որ Ռուսաստանը նման մտադրություն չունի», - ասել է Վոլքերը։

Նոյեմբերին Ղրիմի մոտ Ռուսաստանի հատուկ ուժերը հարձակվել էին ուկրաինական նավերի վրա, կրակ բացել, վիրավորել ուկրաինացի զինվորականներին, այնուհետև ձերբակալել այդ նավերի անձնակազմերին, դատավարություններ կազմակերպել նրանց դեմ:

Ի պատասխան Ուկրաինայի իշխանությունները ռազմական դրություն էին հայտարարել Ռուսաստանի հետ սահմանակից ուկրաինական մարզերում և արգելել ռուսաստանցի 16-ից 65 տարեկան բոլոր տղամարդկանց մուտքը Ուկրաինա։

Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը "Комсомольская правда"-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե խոստանում է, որ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ այդուամենայնիվ պատերազմ չի սկսի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG