Մատչելիության հղումներ

Փաշինյանն ընդունել է Արամ Ա Կաթողիկոսի ներկայացուցիչներին


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի անունից Հայաստան ժամանած պատվիրակության ներկայացուցիչներին՝ Կաթողիկոսարանի տնօրեն, ժողովի ատենապետ Տեր Շահէ Եպիսկոպոս Փանոսեանին, Կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Տեր Պետրոս Վարդապետ Մանուէլեանին, Կաթողիկոսարանի կենտրոնական վարչության ատենապետներ Ստեփան Տեր Պետրոսեանին և Գրիգոր Մահսէրէճեանին։

Կաթողիկոսարանի տնօրեն, ժողովի ատենապետ Տեր Շահէ Եպիսկոպոս Փանոսեանը նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է եկել՝ Արամ Ա Կաթողիկոսի անունից Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրությունների հաջող արդյունքի առիթով շնորհավորելու նպատակով:

«Սփյուռքի հոգևոր կենտրոնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը նաև գրավոր պատգամ է հղել և շնորհավորանքներ փոխանցել Ձեզ և ողջ հայ ժողովրդին՝ մաղթելով, որ առաջիկայում նույնպիսի հաջողությամբ կկազմակերպվեն բոլոր այն աշխատանքները, որոնք Ձեր գլխավորությամբ կկարողանան Հայաստանը տանել դեպի նոր բարձունքներ», - ասել է նա և Արամ Ա Կաթողիկոսի գրավոր պատգամը փոխանցել վարչապետի պաշտոնակատարին:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Գերաշնորհ Տեր Շահէ Եպիսկոպոս Փանոսեանը նաև տեղեկացրել է, որ եկող տարվա հունվար ամսին նախատեսվում է Արամ Ա Կաթողիկոսի այցելությունը Հայաստան:

Վարչապետի պաշտոնակատարն ուրախալի է համարել Վեհափառ Հայրապետի սպասվող այցը, որը լավ հնարավորություն է համահայկական օրակարգին, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերին, հայրենիքի հզորացման հարցերին անդրադարձ կատարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG