Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանն արձագանքում է․ «Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը»


Վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյան, արխիվ
Վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյան, արխիվ

«Պարոն Լուկանշենկոն շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան»,- հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին:

«Ցավոք, պարոն Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը, և չի հրապարակել այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ քննարկումներում մշտապես, այդ թվում պարոն Լուկաշենկոյի հիշատակած հանդիպման ընթացքում մասնավորապես, բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրահարույց հարցը: Հայաստանը տրամադրված է շարունակել քննարկումները ՀԱՊԿ շրջանակում՝ կազմակերպության անդամ երկրների փոխադարձ դաշնակցային պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու ուղղությամբ», - ասել է Եղոյանը:

Բելառուսի նախագահն անցած ուրբաթ, արձագանքելով Ադրբեջանին զենք վաճառելու մասին Նիկոլ Փաշինյանի կշտամբանքներին, հայտարարել էր․- «Ադրբեջանցիները խնդրում էին՝ վաճառեք մեզ, իսկ մեզ պետք էր փակել այն վարկը, որ վերցրել էինք դրանից առաջ: Եվ ես ասացի՝ կվաճառեմ ադրբեջանցիներին, ու նույնանման համալիր նաև Հայաստանին առաջարկեցի: Հայերը հրաժարվեցին՝ ասելով, թե ռուսական «Իսկանդեր» ունեն, որը շքերթի ժամանակ ցույց են տվել: Մենք էլ, ադրբեջանցիների խնդրանքով, համալիրը պատրաստեցինք այնպես, որ հասցնենք, և այն ցուցադրվի շքերթում: Թերևս, դա է իմ մեղքը, որ հասցրել եմ զենքը ռազմական շքերթին», - ասել է Լուկաշենկոն` հատուկ ընդգծելով, որ Ադրբեջանին զենք մատակարարող երկրների շարքում Բելառուսը չորրորդն է: - «Որքան գիտեմ, առաջին հորիզոնականում Ռուսաստանն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG