Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում ներողություն է խնդրել Փաշինյանից


Ռուսաստան - Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, Սանկտ Պետերբուրգ, 6-ը դեկտեմբերի, 2018թ․

Բելառուսի նախագահը դեկտեմբերի 6-ին Սանտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ ներողություն է խնդրել Հայաստանի վարչապետից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում արած կտրուկ հայտարարությունների համար: Այդ մասին Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր պատմել է ռուսաստանցի լրագրողներին՝ պնդելով, թե այդ օրը ներկաներից շատերն են մեկը մյուսից ներողություն խնդրել:

«Ես ներողություն խնդրեցի Նիկոլ Փաշինյանից՝ տարբեր առիթներով նրա հասցեին արած հայտարարություններիս համար: Պուտինը ներողություն խնդրեց բոլորից: Այնտեղ մի իսկական խառնաշփոթ էր, մենք իսկապես մեկս մյուսից ներողություն էինք խնդրում», - պատմել է Լուկաշենկոն:

Փաստելով, որ այդ օրը ընդունել է իր սխալը Փաշինյանի առջև, Լուկաշենկոն այսօր կրկին առաջ է տարել սեփական տեսակետը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ և կոչ արել Հայաստանի իշխանություններին համաձայնել այդ պաշտոնում իր ներկայացուցչի նշանակմանը:

«Խայտառակություն է, որ մենք չենք կարողանում ՀԱՊԿ ղեկավար ընտրել», - ասել է Բելառուսի նախագահը՝ քննադատության սլաքն ուղղելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի կողմը․ - «Խնդիրը ոչ թե մենք ենք ստեղծել, այլ՝ նա: Երբ ձերբակալում ես կազմակերպության նախկին ղեկավարին, իմաստուն եղիր և կամացուկ լուծիր այս հարցը, կընտրեինք նոր ղեկավարի, վերջինս այդքան էլ մեծ դեր չի խաղում այնտեղ, և այս պրոբլեմն էլ չէր առաջանա: Բայց չէ, Նիկոլ Փաշինյանը մեզ թաթախեց ներքաղաքական խնդիրների մեջ»:

Ավելի քան մեկ ամիս է՝ ռազմական կառույցի անդամները համաձայնության չեն գալիս, թե ով է փոխարինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ում Հայաստանի իշխանությունները վաղաժամ ետ կանչեցին «Մարտի 1»-ի գործով մեղադրանք առաջադրելուց հետո: Պաշտոնական Երևանը պնդում է, թե ըստ կազմակերպության կանոնադրության՝ մինչև 2020 թվականը այդ պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը: Բելառուսի նախագահը, մինչդեռ, շարունակում է հայտարարել՝ նախագահությունը պետք է փոխանցվի Մինսկին, քանի որ այբբենական կարգով Բելառուսն է կազմակերպության անդամների շարքում երկրորդը՝ Հայաստանից հետո: Ընդ որում, Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր պնդել է, թե այս հարցում իրեն աջակցում են նաև կառույցի անդամ մյուս երկրների առաջնորդները, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը․ - «Տպավորություն էր, կարծես ես առաջ եմ նետվում, որ գլխավոր քարտուղարը մեր մարդը լինի: Ոչ, Նուրսուլթան Նազարբաևն էր, իսկ հետո նաև Վլադիմիր Պուտինն ու մյուսները պաշտպանեցին, որ նախագահությունը փոխանցվի Բելառուսին»:

Լուկաշենկոն պնդել է, թե կառույցի անդամ մյուս երկրները գործնականում համաձայնության են եկել այս հարցի շուրջ, չթաքցնելով, միաժամանակ, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել և կտրուկ արձագանք է տվել:

«Ես ձեզ տալիս եմ իմ երիտասարդ գեներալին, Ազգային անվտանգության խորհրդի գործող քարտուղարին», - խոսելով իր թեկնածուի՝ Ստանիսլավ Զասի մասին, ասել է Բելառուսի նախագահը, ընդգծելով, որ Զասը պատրաստ է այցելել կազմակերպության անդամ երկրներ, այդ թվում՝ Հայաստան:

«Կարող եք չհամաձայնել նրա թեկնածությանը, կարող եք հետևել ձեր սկզբունքներին, բայց՝ խոսեք նրա հետ», - դիմելով պաշտոնական Երևանին՝ հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն, հավելելով․ - «Գուցե նա ձեզ համար ցանկացած հայից էլ լավը լինի, ինչո՞ւ եք զգուշանում բելառուսներից, չէ՞ որ մենք էլ մերոնքական ենք»:

Պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է լուծվի փոխհամաձայնությամբ՝ կազմակերպության պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում:

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ու Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակը հերքել էին Լուկաշենկոյի հայտարարությունները, թե հարցը լուծվել է Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, հեռակա հանդիմանել էր Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ՀԱՊԿ դռնփակ քննարկումների մանրամասները Հայաստանի հետ փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի՝ Ադրբեջանի դեսպանին պատմելու և Բաքվին զենք վաճառելու համար, ընդգծելով, որ այդ հարցը բարձրացնելու է Լուկաշենկոյի առաջ:

Բելառուսի նախագահն այսօր արձագանքել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին Փաշինյանի կշտամբանքներին, միայն թե Լուկաշենկոն սեփական մեղքը բոլորովին այլ կերպ է մեկնաբանել: «Ադրբեջանցիները խնդրում էին՝ վաճառեք մեզ, իսկ մեզ պետք էր փակել այն վարկը, որ վերցրել էինք դրանից առաջ: Եվ ես ասացի՝ կվաճառեմ ադրբեջանցիներին, ու նույնանման համալիր նաև Հայաստանին առաջարկեցի: Հայերը հրաժարվեցին՝ ասելով, թե ռուսական «Իսկանդեր» ունեն, որը շքերթի ժամանակ ցույց են տվել: Մենք էլ, ադրբեջանցիների խնդրանքով, համալիրը պատրաստեցինք այնպես, որ հասցնենք, և այն ցուցադրվի շքերթում: Թերևս, դա է իմ մեղքը, որ հասցրել եմ զենքը ռազմական շքերթին», - ասել է Լուկաշենկոն` հատուկ ընդգծելով, որ Ադրբեջանին զենք մատակարարող երկրների շարքում Բելառուսը չորրորդն է: - «Որքան գիտեմ, առաջին հորիզոնականում Ռուսաստանն է»:

Լուկաշենկոն այսօր շուրջ հինգ ժամ շարունակված ասուլիսի ընթացքում որոշ մանրամասներ է բացահայտել նաև Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ղարաբաղյան խնդրի շուրջ ծավալված դռնփակ քննարկումներից․ - «Երևանում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ժամանակ ես կոչ արեցի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին փոխզիջումների գնալ՝ հակամարտությունը կարգավորելու համար: Հետո արդեն անկեղծորեն ասացի՝ լսիր, Սերժ, վերադարձրու հինգ շրջանները, ի՞նչ կարիք կա դրանք պահելու, չէ՞ որ այնտեղ մարդիկ չեն բնակվում: Իսկ նա թե՝ եթե վերադարձնեմ, ադրբեջանցիները մեր ճանապարհը կկտրեն, կգրավեն Ղարաբաղը և այլն»:

Լուկաշենկոն պատմել է, թե ինքն ու Ռուսաստանի նախագահը խոստացել են խաղաղապահներ մտցնել՝ հայկական կողմի անվտանգությունն ապահովելու համար:

«Ես և Պուտինը հստակ ասացինք՝ զորք կմտցենք և թույլ չենք տա, որ ադրբեջանցիները նման քայլի գնան: Սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվեց՝ ասելով՝ ոչ, չենք ուզում: Անհասկանալի է ինչո՞ւ, չէ՞ որ այդ հինգ շրջանները դատարկ են», - տարակուսել է Բելառուսի նախագահը՝ ընդգծելով, թե եթե Հայաստանը համաձայներ, Ադրբեջանն այսօր կլիներ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ: - «Դա է այն պայմանը, որի դեպքում Ադրբեջանը կանդամակցի այդ կազմակերպություններին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG