Մատչելիության հղումներ

Սալոմե Զուրաբիշվիլին ստանձնեց Վրաստանի նախագահի լիազորությունները


Սալոմե Զուրաբիշվիլին՝ երդմնակալության արարողության ժամանակ

Վրաստանում Սալոմե Զուրաբիշվիլին ստանձնել է նախագահի պարտականությունները՝ Թելավի քաղաքում տեղի ունեցած երդմնակալության արարողությամբ:

Հանդիսավոր միջոցառումն անցել է վրաց Բագրատունիների տոհմին պատկանող Հերակլ Երկրորդ թագավորի նստավայրում՝ հազարավոր, այդ թվում՝ արտերկրից ժամանած հյուրերի մասնակցությամբ:

Երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Հայաստանից Թելավի է մեկնել նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ստանձնելով պաշտոնը՝ Վրաստանի նախկին արտգործնախարար, այժմ՝ նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել է, թե Թբիլսին շարունակելու է ՆԱՏՕ-ին և Եվամիությանն ինտեգրվելու քաղաքականությունը:

«Որպես Վրաստանի նախագահ՝ ես, մեր ռազմավարական դաշնակից Միացյալ Նահանգների ու եվրոպացի ընկերների աջակցությամբ, կանեմ առավելագույնն՝ այդ գործըթնացին աջակցելու համար», -հայտարարել է Զուրաբիշվիլին:

Վերջինս դիմել է նաև Կրեմլին՝ կոչ անելով հարգել միջազգային իրավունքի նորմերը:

«Ռուսաստանը պետք է գիտակցի՝ եթե ուզում է լինել միջազգային համայնքի լիիրավ անդամ և ցանկանում է բարելավել հարաբերությունները մեր տարածաշրջանի երկրների հետ, պետք է ոչ թե խոսքով, այլ գործով ցույց տա, որ ճանաչում է միջազգային իրավունքի նորմերը», -հայտարարել է Վրաստանի առաջին կին նախագահն՝ ընդգծելով, որ «Ռուսաստանը օկուպացրել է Աբխազիան և Հարավային Օսիան, և մենք դրա հետ չենք համակերպվելու»:

Ընդդիմությունը չի ընդունում նոյեմբերի վերջին կայացած նախագան ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն, իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող Զուրաբիշվիլին ստացել էր քվեների 59,52 տոկոսը:

Ցուցարարներն այսօր փորձել են Թելավիում բողոքի ցույց անցկացնել, սակայն, ոստիկանները փակել են դեպի քաղաք տանող ճանապարհները:

Ըստ տեղական լրատվաիջոցների, Գուրջանիի շրջանում իրավապահների և ցուցարարների միջև քաշքշուք է արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG