«Ազատություն». - Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արմեն Գևորգյանը չի կալանավորվի և նիստից հետո նրա առաջին խոսքերն էին, որ դատական արդարություն է հաստատվել։
Անդրանիկ Քոչարյան. - Առաջին ատյանի դատարանի պահանջը պետք է կատարվեր, որովհետև ինքը մեղադրվում էր շատ ծանր հանցագործությունների մեջ, և ես վստահ չեմ, որ ինքը ամբողջ ծավալով կհամագործակցի նախաքննական մարմնի հետ կամ չի խոչընդոտի նախաքննական մարմնի գործողություններին։
«Ազատություն». - Ունի՞ լծակներ խոչընդոտելու։
Քոչարյան. - Վերջին հաշվով կան մարդիկ, որոնք հետևում են դատարանի որոշումներին և ըստ դրա են շարժվում նախաքննական մարմնի հետ իրենց հարաբերությունները ինչպես կառուցեն։ Եթե հիշում եք, Ռոբերտ Քոչարյանի առաջին կալանավորման ժամանակ նախաքննական մարմնի հետ կապված գործողությունները բավականին արագություն ստացան, և երբ որ վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչ-որ հետընթաց նկատվեց։ Իսկ հիմա ես կարծում եմ, որ նույն բովանդակությամբ արագությունը թափ է ստանալու։ Սա պարզապես փոքր էպիզոդ է, ստիպված պետք է նախաքննական մարմինները նույն ճանապարհով երևի գնան՝ բողոքարկի դատախազը։ Ելնելով դրա անհրաժեշտությունից՝ կունենանք նմանատիպ զարգացումներ, ինչ-որ ունեցանք Ռոբերտ Քոչարյանի կալանքը բողոքարկելուց հետո։
«Ազատություն». - Նույնը նաև քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի մասի՞ն։
Քոչարյան. Պարտադիր: Որովհետև Վահագն Հարությունյանը, ըստ էության, նախաքննական մարմնի հետ, ինչքան ես նկատեցի երեկ, շփվում էր Skype-ի միջոցով, իսկ դա շփման ձևի չի։
«Ազատություն». - Իսկ որ խոստանում է, ասում է՝ կգա՞մ։
Քոչարյան. - Գիտեք ի՞նչ, բոլորն էլ կարող են խոստանալ։ Ինքը պարտավոր էր անմիջապես ներկայանալ և ինքը խուսափում էր նախաքննական մարմնին ներկայանալ։ Այդ գործողությունից հետո վերաքննիչ դատարանի նման որոշումը, օրինակ, իմ մոտ հարցեր են առաջացնում, որովհետև սա երկրորդ դեպքն է, որ վերաքննիչ դատարանը, հանձինս նրա նախագահ պարոն Ռշտունու, ինչ-որ պարտավորություններ ունի նախկին իշխանությունների հետ կապված, և երևի փորձում է դրանով վարձահատույց լինել իր այդ բարձր վստահությունը նախկինում ունենալու հետ կապված։
«Ազատություն». - Պարոն Քոչարյան, եթե չեմ սխալվում, Արմեն Գևորգյանը փաստահավաք խմբի զեկույցում չէր հիշատակվել։
Քոչարյան. - Զեկույցում չէր հիշատակվել, բայց Արմեն Գևորգյանի անձը որպես խմբի անդամ, շտաբի անդամ՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից ղեկավարվող, բազմիցս ես հնչեցրել եմ: Ամեն անգամ, երբ որ քննարկվել է, թե ովքեր էին ներգրավված այդ ղեկավար կազմի մեջ, Արմեն Գևորգյանը ունեցել է դերակատարում և ինքն է հարաբերվել միջազգային կառույցների և նրանց ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ոչ ճիշտ իրողություններ, այն, ինչ տեղի էր ունենում թե՛ հետընտրական գործընթացներում, թե՛ «Մարտի 1»-ի օրը։
«Ազատություն». - Իսկ այն դրվագը, որ զանգահարել է Սահմանադրական դատարան, որպեսզի Սերժ Սարգսյանի օգտին որոշում կայացնեն, դա նո՞ր հանգամանք է։
Քոչարյան. - Այդ դրվագն արդեն նախաքննական մարմինն է քննում և, կարծում եմ, իր մեղադրանքների մեջ հենց դա ներառված է։
«Ազատություն». - Ռոբերտ Քոչարյանի հիմնական հակափաստարկն այն էր, թե՝ ես ինչպե՞ս կարող էի տապալել ինքս ինձ, իմ իշխանությունը, այդ պահին ես էի այդ սահմանադրական կարգի կրողը։
Քոչարյան. - Կարգի կրողը, որը ժողովուրդը մերժել էր, և նոր ընտրությունների միջոցով գործընթաց էր գնում, իսկ Ռոբերտ Քոչարյանը, բանակը օգտագործելով, տապալել էր սահմանադրական կարգը։ Ինքը պարզապես չի գիտակցում՝ ինչ է նշանակում սահմանադրական կարգ տապալել, որովհետև ինքը բազմիցս խախտել է Սահմանադրությունը և էդպես էլ չգիտակցեց, որ Սահմանադրությունը գրված չի խախտելու համար: Սահմանադրությունը գրված է կիրառելու և երկրի օրենքները պահպանելու համար։
«Ազատություն». - Դուք բանակի ներգրավո՞ւմն եք վկայակոչում, որ ասում է՝ ես 0038 գաղտնի հրամանին ընդհանրապես տեղյակ չեմ եղել, ծանոթ չեմ։
Քոչարյան. - Իսկ որևէ մեկը հավատա՞ց իր ասածին։ Բոլորը սպասում էին Միքայել Հարությունյանին: Գոնե ես Միքայել Հարությունյանին հարցաքննել եմ փաստահավաք խմբում, և ինքը պարզապես, Ռոբերտ Քոչարյանի անունը չտալով, տվել է հարց, որ այդ հարցը ինչո՞ւ եք ինձ տալիս՝ նշելով, որ այդ հարցի տերը ուրիշ տեղ է։ Իսկ Միքայել Հարությունյանից ավելի բարձր պաշտոնյա, որը իրավունք ուներ բանակին հրամաններ արձակելու, դա գերագույն գլխավոր հրամանատարն էր, իսկ այդ ժամանակ այդ պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը։
«Ազատություն». - Այսինքն նույնիսկ դա ապացուցելու հնարավորությունը չկա։
Քոչարյան. - Դրա իրավական ապացույցները ձեռք կբերվեն, երբ որ Միքայել Հարությունյանը իր կամքով կամ իր կամքից դուրս կներկայանա նախաքննական մարնին և կտա բացատրություն։
«Ազատություն». - Եվ քաղաքական բաղադրիչը, պարոն Քոչարյան: Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ Փաշինյանը ժամանակին մեղավոր է ճանաչվել, դատվել է, հիմա ինձ բանտախուց ուղարկելով հակառակն է ապացուցում։
Քոչարյան. - Այ հենց դատաիրավական համակարգի բարեփոխում [ասելով], ես ի նկատի ունեմ, որ այն ժամանակ դատարանները պարզապես դակիչի դեր էին խաղում և անմեղ մարդկանց վրա շինծու գործեր էին պատրաստում, և դատավորները այդ շինծու գործերը ի կատար էին ածում, և դրա համար էլ հիմա Եվրադատարանի որոշումներով կամաց-կամաց այդ ամբողջ պատկերը դառնում է ամբողջական։
«Ազատություն». - Սերժ Սարգսյանի մասին. նա կարծես դեռ կարգավիճակ չունի այս գործով։ Կարո՞ղ էր անմասն մնալ այն ժամանակ՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով։
Քոչարյան. - Ոչ։ Սերժ Սարգսյանը կրում էր վարչապետի պաշտոնը և «Մարտի 1»-ի ժամանակ Մելիք-Ադամյան փողոցը լցված էին զինված խմբերով, բանակային ստորոբաժանումներով, ապօրինի զինված խմբերի գլխին կանգնած օլիգարխներով՝ իրենց տրանսպորտային միջոցներով։ Նրանք չէին եկել Մելիք-Ադամյանի փողոցում զբոսնելու: Նրանք եկել էին, որպեսզի ստանան հրահանգներ կառավարության շենքում նստած վարչապետի կողմից։ Կարծում եմ, քննության այդ ուղղվածությունը դեռ իր հերթին է սպասում։ Պարզապես քննիչների քանակն է քիչ, և ճյուղավորումները «Մարտի 1»-ի հետ կապված բավականին շատ են։
«Ազատություն». - Այլ կաշկանդվածություն չկա՞ հասնել Սերժ Սարգսյանին։
Քոչարյան. - Բացարձակ չեմ տեսնում։