Մատչելիության հղումներ

Սենատի հանձնաժողովը հավանություն է տվել ԱՄՆ դեսպանների թեկնածուներին


ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երկարատև լսումների արդյունքում հավանություն է տվել Լինն Թրեյսիին` Հայաստանում և Ըրլ Լիթցենբերգերին Ադրբեջանում դեսպաններ նշանակելու նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին: Այժմ թեկածությունները պետք է հաստատվեն Սենատի լիագումար նիստում:

Լսումների ընթացքում Լին Թրեյսին պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, տարածաշրջանում Թուրքիայի գործոնի, Հայոց ցեղասպանության, հայ-ամերիկյան համագործակցության մասին հարցերին:

Դեսպանի թեկնածուն գովեստով է խոսել Հայաստանում գարնանը մեկնարկած և հաղթանակով ավարտված համաժողովրդական շարժման մասին:

«Այս տարվա ապրիլին և մայիսին Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ վճռականորեն, բայց առանց բռնության դիմելու դուրս եկան փողոց՝ կառավարությանը հաշվետու դարձնելու պահանջով: Ինչպես շատ ուրիշներին, ինձ էլ է ոգևորել խաղաղ իշխանափոխությունը», - ասել է Լին Թրեյսին:

Դեսպանի թեկնածուի խոսքով, Հայաստանը դեռ պետք է շարունակի աշխատել անցած վեց ամիսների նվաճումներն ամրագրելու համար:

Նա պարտավորվել է պաշտոնը ստանձնելու պարագայում շարունակել իր նախորդի՝ դեսպան Ռիք Միլզի առաքելությունը՝ սատարելու հայ ժողովրդին, որը պահանջում է պատասխանատու կառավարում, անարդար մենաշնորհներից ազատ տնտեսություն, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում, անկախ դատական համակարգով երաշխավորված օրենքի գերակայություն և հավասարակշռության ու զսպումների վրա խարսխված կառավարման համակարգ:

Թրեյսին նշել է ղարաբաղյան խնդրի կարգավորման անհրաժեշտությունը: Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը չափազանց կարևոր է Հայաստանի և Հարավային Կովկասի առավել ապահով և բարգավաճ ապագայի համար:

Իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Միացյալ Նահանգներն օգնում է կողմերին հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և հարատև լուծման, որը հիմնված կլինի ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, կներառի զենքի կիրառման, ինչպես նաև կիրառելու սպանալիքի բացառումը, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման ու մարդկանց հավասար իրավունքների սկզբունքները:

«Եթե հաստատվեմ այս պաշտոնում, ես կաջակցեմ այդ նպատակին հասնելու՝ ԱՄՆ վարչակազմի ջանքերին», - ասել է Լին Թրեյսին:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդրին՝ դեսպանի թեկնածուն, ինչպեսև կարելի էր ենթադրել, խուսափել «genocide» բառից, կիրառելով վերջին տարիներին ԱՄՆ բարձրագույն ղեկավարության մակարդակով ճանաչված եզրույթները՝ «1915 թվականի սարսափելի իրադարձություններ», «Մեծ Եղեռն», «1,5 միլիոն հայերի տեղահանում և ջարդ»:

Դեսպանի թեկնածուն ասել է, որ «անհրաժեշտ է ապագա և նոր հնարավորություններ որոնել Հայաստանի գալիք սերնդի համար»:

Նրա խոսքով, Թուրքիայի հետ հաշտեցումը Հայաստանին կօգնի դուրս գալ մեկուսացումից և զարգացնել տնտեսությունը:

Ենթադրվում է, որ Սենատը Հայաստանում դեսպանի թեկնածու Լին Թրեյսիին և Ադրբեջանում դեսպանի թեկնածու Ըրլ Լիթցենբերգերին կհաստատի հաջորդ շաբաթ կայանալիք լիագումար նիստում, քանի որ քվեարկության հետաձգման դեպքում 2019 թվականին անհրաժեշտ կլինի նորից սկսել ամբողջ գործընթացը, և երկու երկրներում ԱՄՆ դեսպանների պաշտոնները թափուր կմնան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG