Մատչելիության հղումներ

«Հարյուրավոր լրագրողների բանտարկությունը նորմա է դարձել»


Ավտորիտար ռեժիմները բանտարկությունը դարձրել են այլախոսներին հալածելու լծակ: Աշխարհի տարբեր երկրներում քրեակատարողական հիմնարկներում պատիժ են կրում մամուլի աշխատակիցները:

Հարյուրավոր լրագրողների բանտարկությունն այսօր նորմա է դաձել. այս եզրակացությանն են հանգել Նյու Յորքում տեղակայված «Լրագրողներ առանց սահմանների» (Committee to Protect Journalists, SPJ) միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցը կազմած փորձագետները:

Նրանց փոխանցմամբ, 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ բանտերում պահվում է առնվազն 251 լրագրող, այդ թվում 33 կին:

Առավել մեծ թվով ազատազրկված լրագողներ կան երեք պետություններում՝ Թուրքիայում, Չինաստանում և Սաուդյան Արաբիայում:

Թուրքիայում առնվազն 68 լրագրող է գտնվում բանտերում, Չինաստանում՝ 47, իսկ Սաուդյան Արաբիայում՝ 16:

Ընդ որում, եթե թուրքական բանտերում պահվող լրագրողների թիվը նվազել է, ապա Չինաստանում և Սաուդյան Արաբիայում՝ ավելացել է:

Չինաստանում ցուցանիշի ավելացումը պատճառաբանվում է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Խինջանի նահանգում ույգուրների ազգային փոքրամասնության նկատմամբ Պեկինի վարած կոշտ քաղաքականությամբ: Առնվազն 10 լրագրող ընդհանրապես առանց որևէ մեղադրանքի բանտարկվել է Խինջանում:

ՄԱԿ-ի տվյալներով, Պեկինը Խինջանում աննախադեպ խիստ հսկողություն է սահմանել, ավելի քան մեկ միլիոն մարդ կալանավորվել է առանց դատարանների կայացրած որոշումների:

Աշխարհում բանտարկված լրագրողների 70 տոկոսը մեղադրվել է ահաբեկությանը սատարելու կամ հակապետական գործունեություն ծավալելու, իսկ մոտ 20 տոկոսն էլ «կեղծ տեղեկատվություն տարածելու» մեջ:

«Լրագրողների պաշտպանության կոմիտեի» զեկույցում հիշատակվում են միայն պետական բանտերում պահվող լրագրողները, հրապարակված վիճակագրությունը չի առնչվում անհետ կորած կամ ոչ կառավարական խմբավորումների կողմից առևանգված լրագրողներին:

«Մամուլի վրա սարսափելի գրոհը վերջին տարիներին միայն սաստկացել է: Անընդունելի է, երբ 251 լրագրող բանտ է նետվում միայն լուրեր տարածելոու համար: Բռնապետերը գրաքննության նպատակով են կիրառում լրագրողների բանտարկությունը, նման վարքագիծն աններելի է»,- հայտարարել է «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» գործադիր տնօրեն Ջոել Սայմոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG