Ամերիկյան պետությունների կազմակերպությունը (ԱՊԿ) հայտարարել է, որ «անհանգստացած» է միջուկային զենք կրելու հնարավորություն ունեցող Ռուսաստանի օդուժի Տու-160 տեսակի երկու ռմբակոծիչների Վենեսուելայում գտնվելու փաստով։
Դեկտեմբերի 12-ին տարածված հայտարարության մեջ կազմակերպության գլխավոր քարտուղարությունը հայտարարել է, որ «մեծագույն մտահոգությամբ են ընդունում Վենեսուելայից եկած լուրերն այն մասին, որ միջուկային զենք կրելու հնարավորություն ունեցող ռմբակոծիչները գտնվում են իրենց տարածքում»։
Ռմբակոծիչները Վենեսուելա են ուղևորվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի Մոսկվա կատարած այցից ընդամենը մի քանի օր անց:
Անցած տարիներին Վենեսուելան միլիոնավոր դոլարների ռազմական սարքավորումներ է գնել Ռուսաստանից:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, վերջին անգամ ռուսական Տու-160 ռմբակոծիչներն, ինչպես նաև ռուսական ռազմանավերը Վենեսուելա են ուղարկվել 2008 թվականին՝ Վրաստանի հետ պատերազմից հետո Արևմուտքի և Ռուսաստանի միջև առաջացած լարվածության շրջանում: