Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ:
Ըստ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության, այցի ընթացքում ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը:
Այցի ընթացքում վեր են հանվել խնդիրներ՝ կապված են բուժանձնակազմի քանակի, դեղերի և բժշկական պարագաների, զսպման միջոցների կիրառության, սննդի հետ և այլն:
Արձանագրվել է կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն:
Վերը նշված խնդիրները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները տեղում քննարկել են ՊՈԱԿ-ի տնօրինության հետ:
«Արձանագրված բոլոր խնդիրները համապատասխան վերլուծություններով սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմնին», - հայտնում է ՄԻՊ գրասենյակը՝ նշելով, որ այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչների համար աշխատանքի խոչընդոտներ չեն ստեղծվել: