Մատչելիության հղումներ

ԲՀԿ թեկնածուի շտաբի պետը մեղադրվում է ընտրակաշառք առաջարկելու մեջ


Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, ընտրողին կաշառք առաջարկելու ու խոստանալու համար Հատուկ քննչական ծառայությունում այս պահին քննվող գործի շրջանակներում մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:

«Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք առաջարկելու և խոստանալու համար», - մանրամասնեց Օհանջանյանը:

Մեր տեղեկություներով, ընտրողին կաշառք առաջարկելու ու խոստանալու համար ձերբակալվածը Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդի, ԲՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Դավիթ Մանուկյանի շտաբի պետ Արամ Հակոբյանն է: Նա ձերբակալված է, բայց խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Դավիթ Մանուկյանը նաև Գագիկ Ծառուկյանի փեսան է:

Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հաստատեց այս տեղեկությունը․ - «Այո: Գործը հիմա քննության ընթացքում է, հանգամանքներն են պարզվում: Եվ եթե պարզվի, որ իրական հիմքեր կան, ապա մենք ինքներս առաջինը դա կդատապարտենք, որովհետև որևէ նման հրահանգ կուսակցության բարձրագույն ղեկավար կազմի կողմից չի եղել»:

Քննչական կոմիտեն արտահերթ խորհրդարանական ընտրություններում արձանագրված ընտրախախտումների 78 հաղորդում է ստացել: Ենթադրյալ ընտրական հանցագործության 252 դեպք դեկտեմբերի 9-ի դրությամբ Գլխավոր դատախազությունն է արձանագրել ու կրկին 2-ով քրեական գործ հարուցվել: Ոստիկանությունը 296 հաղորդում է ստացել: Ընդհանուր առմամբ քրեական գործ է հարուցվել սրանից երեքով:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյան․ - «Մեկ գործը հարուցվել է Կոտայքի մարզում, ընտրակաշառք առաջարկելու փաստի առթիվ է հարուցվել քրեական գործը, և մեկ անձ ձերբակալվել է: Երկրորդ քրեական գործը հարուցվել է դեկտեմբերի 9-ին․ Արմավիրի մարզում արտահերթ ընտրություններում թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել և հարուցվել է քրեական գործ»:

Դատախազությունում արձանագրված ենթադրյալ ընտրախախտումների առյուծի բաժինը՝ 82-ը վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերին, իսկ 3-ը՝ ընտրակաշառք տալուն:

Խաչատրյանի նշած դեպքով գործը հարուցվել է Արմավիրի մարզի մի բնակչուհու տված հաղորդման հիման վրա: Ըստ դատախազության, այդ բնակչուհին իրավապահներին պատմել է, որ աշխատավայրում իր անմիջական ղեկավարը՝ սննդի օբյեկտի տնօրենը ընտրություններից շուրջ 6 օր առաջ իրեն հարկադրել է կողմ քվեարկել առաջադրված պատգամավորության թեկնածուներից մեկի օգտին: Իսկ այն բանից հետո, երբ տնօրենը տեղեկացել է տվյալ թեկնածուին չընտրելու մասին, ըստ քաղաքացու տված բացատրության, իրեն ասվել է, որ այլևս չներկայանա աշխատանքի:

Դատախազությունը չի նշում ո՛չ բնակչուհու անուն-ազգանունը և ո՛չ էլ այն, թե ո՞ր քաղաքական ուժից է նշյալ թեկնածուն: Մինչդեռ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, խոսքը պատգամավորության թեկնածու, դաշնակցական Արծվիկ Մինասյանի մասին է:

Մինասյանն «Ազատությանն» ասաց, թե սա իրեն վարկաբեկելու փորձ է․ - «Դա հերյուրանք է: Այս պահին որևէ նման, անգամ պաշտոնական տեղեկատվություն ես չունեմ: Կոչ եմ անում լրատվամիջոցներին չփաստարկված, չհիմնավորված որևէ նման հրապարակումների հետևից չընկնեն»:

Հայտարարություն է տարածել նաև Քննչական կոմիտեն, ըստ որի, դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակչուհին Լոռու մարզային քննչական բաժնում բացատրություն է տվել, որ դեկտեմբերի 3-ին իրենց տան բակ են մտել երիտասարդ աղջիկ ու տղա և իրեն առաջարկել են ընտրակաշառք՝ սննդամթերքի տեսքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ և այն ուղարկվել է ՀՔԾ:

Երևանի 6/9 տեղամասում դիտորդը տեսաձայնագրել է քվեարկության գաղտնիության խախտման մի քանի դեպք: Մեկ դեպքում, օրինակ, անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն, նորից տեղադրել ծրարում ու միայն դրանից հետո թույլ տվել ընտրողին քվեաթերթիկը գցել քվեարկության արկղ։

Իրավապահները հայտնում են նաև, որ 2017-ի Ազգային ժողովի ընտրությունների համեմատ, այս տարվա ԱԺ արտահերթ ընտրություններում արձանագրված խախտումների ու հարուցված քրեական գործերի թիվը զգալիորեն նվազել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG