Մատչելիության հղումներ

Մեյը «Բրեքզիթ»-ի հարցում աջակցություն է ակնկալում Եվրոպայից


Գերմանիայի կացլեր Անգելա Մերկել և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, արխիվ
Գերմանիայի կացլեր Անգելա Մերկել և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր այցելում է եվրոպական երկրներ, որտեղ փորձում է աջակցություն ապահովել «Բրեքզիթ»-ի հարցում իր առաջարկած ծրագրի համար:

Մեյը պետք է բանակցի Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյութեի հետ, ապա կմեկնի Բեռլին, որտեղ նախատեսված է հանդիպում կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Երեկ Մեյը հետաձգել է Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու հարցով վճռորոշ նշանակություն ունեցող քվեարկությունը, ինչը պատգամավորները զայրույթով են ընդունել:

Ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինն ասել է, թե «վարչապետն ամբողջությամբ կորցրել է հսկողությունը տեղի ունեցող զարգացումների նկատմամբ»:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել է, որ «Բրյուսելը մտադիր չէ վերաբանակցել գործարքը Լոնդոնի հետ, սակայն միության երկրները պատրաստ են Մեյի հետ քննարկել Բրիտանիայում գործարքի հաստատման հարցում աջակցելու հնարավորությունը»:

Տուսկի փոխանցմամբ, հարցը կքննարկվի դեկտեմբերի 13-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում:

Առայժմ հայտնի չէ, թե երբ են բրիտանացի օրենսդիրները քննարկելու Եվրամիությունից դուրս գալու օրինագիծը, սակայն Մեյը նկատել է տվել, որ վերջնաժամկետը հունվարի 21-ն է:

Եվրոպական միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը պետք է մեկնարկի 2019 թվականի մարտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG