Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն մեկ բիզնեսմենից կախված ուժ է, այս առումով խոցելի է. Թանդիլյան


Բիզնեսը պետք է պաշտպանված լինի բոլոր քաղաքական ուժերի միջոցով, այլ ոչ սեփական ներկայությամբ պառլամենտում, երեկ «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) անդամ Մանե Թանդիլյանն՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայությանը նոր խորհրդարանում։

Թանդիլյանի համոզմամբ, մեկ անձից կախված կուսակցությունը շատ թույլ է, այս առումով ԲՀԿ-ն, ըստ նրա, խոցելի է։

«Ազատություն». - Տիկին Թանդիլյան, հետընտրական հայտարարությունում «Լուսավոր Հայաստան»-ն ինքն իրեն բնորոշում է որպես նոր խորհրդարանի միակ ընդդիմադիր ուժ, բայց 8-տոկոսանոց «Բարգավաճ Հայաստան»-ը կա ձեզնից առաջ, որն իշխանություն չի կազմելու՝ կոալիցիա չի կազմելու։

Թանդիլյան. - Դուք գիտեք, որ մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ պետք է տարանջատել քաղաքականությունը բիզնեսից և սեփականատիրոջ կեցվածքից, որովհետև «Լուսավոր Հայաստան»-ը անխոցելի է իր հռետորաբանության մեջ, իր անցած ուղիով, և, հետևաբար, այն ուժը, որը որ կարող է իրականության մեջ հակակշռել և չունի այնպիսի պատմություն, որ կարելի է անպայման ասել՝ «իսկ դուք այն ժամանակ այսպես էիք և այնպես», կաշկանդող որևէ բան, խոցելիության որևէ աստիճան չունի, և հետևաբար այս առումով իսկապես «Լուսավոր Հայաստան»-ն առանձնանալու է, և այդ գործունեությունը Դուք կտեսնեք Ազգային ժողովում։

«Ազատություն». - Գագիկ Ծառուկյանն ասում է, որ ամբողջ աշխարհում հենց գործարարներն են ամենահաջողված քաղաքական գործիչները, որովհետև, հենց Ձեր ասածի հակառակն՝ իրենք ֆինանսապես կայուն են, չունեն որևէ կախվածություն, փողի կարիք չունեն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին էր օրինակ բերում։

Թանդիլյան. - Իրենք ֆինանսապես կախված են մեկ անձից, որ պահին մեկ անձին որևէ բան պատահի, կամ հարկային մեխանիզմներն աշխատող, որևէ տեսակի խնդիր առաջանա... մեկ անձից կախված կուսակցությունը շատ թույլ է։

«Ազատություն». - Բայց կա՞ այս իշխանության օրոք այդպիսի մտավախություն, որ Ծառուկյանն ինչ-որ պահի կդառնա խոցելի, ճնշում կգործադրեն։

Թանդիլյան. - Իհարկե, իր բնութագրով է խոցելի, երբ որ մեկ բիզնեսմենից կախված է ուժ, որն իմիջիայլոց պաշտպանում է, և ամբողջ գործունեության ընթացքում մենք տեսել ենք, որ պաշտպանում է բիզնեսմենի շահեր՝ բացարձակ մեկ բիզնեսմենի, ակնհայտ է, որ դա խոցելի է և չի բխում Հայաստանի շահերից, հետևաբար այստեղ շահերի բախում կա շատ լուրջ, և դրան է, որ մենք անընդհատ հղում ենք անում՝ ասելով, որ քաղաքականությունը պետք է զատել բիզնեսից, և բիզնեսը պետք է պաշտպանված լինի բոլոր քաղաքական ուժերի միջոցով, այլ ոչ սեփական ներկայությամբ պառլամենտում, որպեսզի լինի պաշտպանված։

«Ազատություն». - Այսինքն՝ պնդում եք, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր չի՞ լինելու նոր խորհրդարանում։

Թանդիլյան. - Ես պնդում եմ, որ այս առումով խոցելի է։

«Ազատություն». - Արդյո՞ք ապակառուցողական չէ դեռ խորհրդարան չմտած Ձեր այս հայտարարությունը, ի վերջո դուք 18-19 հոգանոց խմբակցություն եք ունենալու։

Թանդիլյան. - Խորհրդարան մտնելու հարցը չէ, դուք գիտեք, որ մենք այս մասին մինչև այդ էլ ենք խոսել և միշտ ենք խոսել։

«Ազատություն». - Բայց հիմա իրավիճակներ են գալու, օրինակ՝ արտահերթ նիստ հրավիրելու համար ձեզ ստորագրություններ են պետք գալու, համագործակցելո՞ւ եք իրենց հետ։

Թանդիլյան. - Մենք ընդհանուր օրակարգ որոշ դեպքերում ունենալու ենք և ունեցել ենք, դա բնական է և նորմալ, բայց հարցը երևույթն է, որը մենք քննադատել ենք մինչև խորհրդարանի ձևավորումը և այսօր էլ։

«Ազատություն». - Նաիրա Զոհրաբյանն է ձեզ կոշտ հակադարձել, որ «ԲՀԿ-ի հաշվին այս արևի տակ կայանում եք»։

Թանդիլյան. - ԲՀԿ-ի հաշվին «Լուսավոր»-ը երբեք տեղ չի փնտրել և չէր էլ կարող իր բնույթով, որովհետև «Լուսավոր Հայաստան»-ի համակիրները և ընտրողները որևէ աղերս չունեն ձևավորված այդ կառույցի ավանդույթների հետ, և ակնհայտ է, որ այսօր «Լուսավոր Հայաստան»-ն ունի իր աջակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեջ։

«Ազատություն». - Տիկին Թանդիլյան, եթե Փաշինյանն այնուամենայնիվ Ձեզ հրավիրի կառավարություն՝ նորից նախարարի պաշտոնում, թեկուզ ոչ որպես «Լուսավոր Հայաստան»-ի անդամ, կընդունե՞ք։

Թանդիլյան. - Ես «Լուսավոր Հայաստան»-ի անդամ եմ և «Լուսավոր Հայաստան»-ը կոալիցիայի մաս չի կազմում և չկա այս պահին կոալիցիա, հետևաբար ես Ազգային ժողովում եմ որպես պատգամավոր։

«Ազատություն». - Առանց կոալիցիայի չե՞ք գնալու նախարար։

Թանդիլյան. - Իհարկե՝ ո՛չ։

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքը ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը՝ 70,43 տոկոսը, երկրորդ տեղում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 8,27 տոկոս, և եռյակը եզրափակում է Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը՝ 6,37 տոկոս։ Եթե այս թվերը չփոփոխվեն, ապա խորհրդարանի մանդատները կկիսվեն հենց այս երեք ուժերի միջև։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG