Դեկտեմբերի 9-ի ընտրություններով ավարտվում է հեղափոխությունը ու երկիրը թևակոխում է համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ ընթերցելով կուսակցության խորհրդի հայտարարությունը։
«Հայաստանում կայացած պատմական ընտրությունները մեր երկրում հեղափոխության տրամաբանական շարունակությունն են, դրա արժեքների կապիտալիզացիան ապահովող հիմնական գործընթացը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արժևորում է օրինական ընտրությունների կազմակերպման իրողությունը և իր երախտագիտությունը հայտնում մեր կուսակցությանը վստահության քվե տված քաղաքացիներին՝ մոտ 80 հազարից ավելին։ Մենք դա համարում ենք մեր եռամյա ակտիվ գործունեության հանրային գնահատականն, ապացույցը, որ Հայաստանի հասարակությունն ունի իրապես ազատական, եվրոպական մոդելի պետություն կառուցելու անվերապահ պահանջ։ Միևնույն ժամանակ դեկտեմբերի 9-ի ընտրություններով ավարտվում է հեղափոխությունը ու երկիրը թևակոխում է համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ, որտեղ խորհրդարանն ունի հայեցակարգային մոտեցումներ ունեցող փոխզսպող և հակակշիռ հանդիսացող ուժի անհրաժեշտություն», - ըստ Մարուքյանի, ասված է խորհրդի հայտարարությունում։
Նա նշեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քաղաքակրթական և արժեքային ընդդիմություն է ձևավորված քաղաքական մեծամասնությանը։
«Միաժամանակ մտահոգ ենք, որ անգամ հեղափոխությունից հետո խոշոր բիզնեսը և քաղաքականությունը շարունակում են մնալ քաղաքական խրոնիկ հիվանդ համակարգի հետևանքը, որի դեմ պայքարը լինելու է մեր ուժի գլխավոր առաջնահերթություններից մեկը», - ասաց Մարուքյանը։
Նա նշեց, որ իրենք հավատարիմ են ԼՀԿ-ի կողմից որդեգրված արժեքներին և սկզբունքներին, որը միտված է համակարգային բարեփոխումների իրականացմանն ու այդ արժեքների շուրջ հասարակության լայն համախմբմանը։
«Որպես նոր Հայաստանի պատմական ընտրության արդյուքնում խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժ, միշտ բաց ենք համագործակցության համար խորհրդարանից դուրս գործող արժեքավոր քաղաքական ուժերի և անհատների հետ, բնականաբար, մեր գաղափարների և ծրագրային սկզբունքների շրջանակներում», - հայտարարեց Մարուքյանը։