Մատչելիության հղումներ

«Ցեղասպանությունից 103 տարի անց մենք ապացուցել ենք ողջ աշխարհին, որ լույսը, բարին կհաղթեն». ՀՀ նախագահ


«Պայքարը լույսի ու խավարի միջև մինչ օրս արդիական է: Այս համաժողովը միտված է պայքարելու հենց այդ խավարի ու չարի դեմ», - այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ մասնակցելով Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումին, որը նվիրված է կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման հիմնահարցերին:

Ողջույնի խոսքում հայերենով «բարի լույս» մաղթելով միջազգային ֆորումի մասնակիցներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ հայերենում «բարի լույսը» ոչ միայն «բարի առավոտ» է նշանակում, այլև՝ «բարի» կամ «լավ լույս», և մարդկության պատմության ընթացքում ունեցել ենք ինչպես լույսի հաղթանակներ, այնպես էլ չարության ապացույցներ:

«Պայքարը լույսի ու խավարի միջև մինչ օրս արդիական է: Այս համաժողովը միտված է պայքարելու հենց այդ խավարի ու չարի դեմ: Բազմաթիվ բաղադրիչներ կան, որոնցով արտահայտվում է այդ չարությունն. այն, թե ինչպես ենք վերաբերվում մեր սիրելի տանը, մեր մոլորակին, ռասսայով, սեռով, կրոնով տարբերվող մարդկանց իրավունքներին: Ցավոք, խավարը միշտ չէ, որ պարտվում է», - ասել է Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ 21-րդ դարում՝ չափազանց արագ զարգացող իրադարձությունների կիզակետում, ամեն բան, ինչ տեղի է ունենում այս մոլորակի վրա՝ չար կամ բարի, շատ արագ է տարածվում, ձևավորում արմատներ, ունենում հետևորդներ:

«Ես սա չեմ անվանում հեղափոխություն, արդյունաբերական հեղափոխություն: Մենք հիմա այլ դարաշրջան ենք մտնում, որը սրընթաց էվոլյուցիա է: Դրանում ամենամեծ չարությունը՝ ցեղասպանության հանցագործությունը, ցավոք, նույնպես գտնում է սնուցման աղբյուրներ: Ակնհայտ է, որ այն չի դադարի գոյատևել, եթե չպայքարենք դրա դեմ», - ասել է նախագահը՝ շարունակելով. - «Մինչև լուսավոր կողմին անցնելը` կցանկանայի խոսել այս համաժողովի մասին: Հավանաբար, աշխարհում 2-3 տեղ կա, որտեղ կարելի է նման համաժողով անցկացնել: Ցավոք, Հայաստանը այդ վայրերից մեկն է, որովհետև հայերը, որպես ազգ, կրել են ցեղասպանության ցավը»:

Հայաստանում երկու վայր է խորհրդանշում կատարվածն, ասել է նախագահը՝ նշելով, որ առաջինը Ցեղասպանության հուշահամալիրն ու թանգարանն է, երկրորդը հենց այս վայրն է՝ Մատենադարանը:

«Երբ համեմատում եմ այս երկու վայրերը, երկու թանգարանները, սրանք երկու տաճարներ են, մեկը՝ ի հիշատակ նահատակվածների, մյուսը՝ Մատենադարանը, խորհրդանիշ լույսի, որտեղ մենք պնդում ենք՝ այլևս երբեք: Մատենադարանը վկայում է, որ լույսն ի վերջո հաղթում է տառապանքին, խավարին: Ես հավատացած եմ, որ լույսն ու բարին կհաղթեն: Սա նաև այն վայրն է, որտեղ ցեղասպանության շատ մեծ հիշողություն կա», - ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ ցեղասպանությունը միայն կազմակերպված հանցագործություն չէ, որը միտված է ազգի, էթնիկ խմբի, հատուկ տարբերություններ ունեցող մարդկանց ոչնչացմանը: Սա, ըստ նախագահի, գործողություն է ընդդեմ հանդուրժողականության ՝ միտված պատմությունը, մշակույթը, արվեստն ու գիտելիքը վերացնելուն:

«Այսինքն, շատ ավելի մեծ արհավիրք է, ավելի մեծ ու ծանր հանցագործություն, քան՝ պարզապես մարդկանց ոչնչացումը: Միաժամանակ, Մատենադարանն այն վայրն է, որն ասում է՝ ինչ էլ անես, չես վերացնի: Այն հատուկ է նաև մարդկային պատմության տեսանկյունից: Հազարավոր օրինակներ կան հայ կանանց մասին, ովքեր, փախչելով ցեղասպանությունից, իրենց հետ վերցրել են ամենաարժեքավորը՝ գիրքը: Իմ տատիկը նույնպես, ով Օսմանյան կայսրությունում ապրող բարեկեցիկ ընտանիքից էր, ցեղասպանության արհավիրքից փախչելիս որևէ բան, անգամ հագուստ կամ զարդ չի վերցրել, տարել է իր հետ ամենաարժեքավորները՝ որդուն և Աստվածաշունչը: Դժբախտաբար, որդուն կորցրել է Էջմիածնի ճանապարհին, բայց այդ լուսավոր Աստվածաշունչը բերել է իր հետ: Այն մինչ օրս կա, և իր մեջ ունի ոչ միայն 450 տարվա պատմություն, այլև՝ այն երեխայի կորստի հիշողությունը, ով երբեք չմեծացավ, երբեք չափահաս չդարձավ, իր նպաստը չբերեց արվեստին, մշակույթին, բիզնեսին, քաղաքականությանը, երբեք երեխաներ կամ թոռներ չունեցավ: Սա ապրող հիշողություն է և լույսի տաճար: Հայոց ցեղասպանությունը սկսվեց 103 տարի առաջ, իսկ մենք հիմա հիշատակում ենք բոլոր նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, տները, ընկերներին, հարազատներին, բարեկամներին, երեխաներին:

103 տարի անց մենք ապացուցել ենք ամբողջ աշխարհին, որ լույսը, բարին կհաղթեն, և ապացույցը Հայաստանի Հանրապետությունն է, մեր ժողովուրդը: Մենք փոքր պետություն ենք, բայց՝ համաշխարհային ազգ: Ողջ աշխարհին հայերը հայտնի են որպես աշխատասեր, ազնիվ, շատ հայրենասեր մարդիկ, ովքեր ապրում են տարբեր երկրներում, այդ երկրների լավ քաղաքացիներ են, նպաստում են այդ երկրների հաջողությանը: Նրանք հոգու խորքում փայփայում են ցավը, սակայն, միևնույն ժամանակ, ունեն արժանապատվություն ու հպարտություն, որ մենք կարող ենք հաղթել չարին: Դրա ապացույցն է այս կառույցը, որը կարևոր արժեքներ է պահպանում, այնպիսի արժեքներ, որոնք պետք է վերացվեին, որոնք թիրախի տակ էին, սակայն չոչնչացվեցին՝ պատմությունը, մշակույթը, ժառանգությունը, սերը, կրոնը, Աստված և մարդասիրությունը:

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանում, բարով եք եկել մի ժողովրդի մոտ, որը կարողացել է հաղթահարել ամենածանր, ամենադաժան հանցագործությունը՝ ցեղասպանության հանցագործությունը:

Հայաստանը ձեզ հետ է, և հայերի պայքարը ողջ աշխարհում միտված է լույսին՝ ընդդեմ չարի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG