Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Սլովակիայի արտգործնախարարին


Դեկտեմբերի 7-ին Միլան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին:

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գործընկերոջը ԵԱՀԿ-ում նախագահությունն ստանձնելու կապակցությամբ՝ վերահաստատելով հայկական կողմի աջակցությունը Սլովակիայի նախագահության առաջնահերթություններին:

Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի, կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծման ուղիների շուրջ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հայ-սլովակյան հարաբերությունների օրակարգային հարցեր, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլեր:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր սլովակ գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները՝ այս համատեքստում ընդգծելով հիմնախնդրի հիմնական շահառուների՝ մարդկանց կենսական անվտանգության ապահովման կարևորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG