Դիլիջանում անցկացվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 29-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում ստորագրվել է 30 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր ուղղություններին, մասնավորապես ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգմանը և հայտարարագրման առանձնահատկություններին, անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերին, մաքսային ոլորտում ԵԱՏՄ ընդհանուր գործընթացներին միանալուն ուղղված աշխատանքների համակարգմանը, ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությունների խախտման դեպքերը բացառելու նպատակով մաքսային տարանցում մաքսային ընթացակարգի ավարտման մասով լրացուցիչ միջոցների կիրառմանը: Քննարկվել են նաև լիազորված տնտեսական օպերատորի կողմից առաջնահերթության կարգով իրականացվող մաքսային գործառնությունների, ինչպես նաև մաքսային հսկողության երկուղի համակարգի կիրառման դեպքում անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման որոշ հարցեր:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի տեղեկացմամբ՝ Հայաստանը ներկայացրել է նոր նախաձեռնություն էլեկտրոնային փաստաթղթերի փոխադարձ ճանաչելիության մասին: Նրա խոսքով` հարցը ներառվել է օրակարգում, և բոլոր երկրները հավանություն են տվել Հայաստանի նախաձեռնությանը։
Նիստում որոշում է ընդունվել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 30-րդ նիստն անցկացնել 2019 թվականի առաջին եռամսյակում՝ ՌԴ-ում:
Բելառուսի մաքսային կոմիտեի նախագահ Յուրի Սենկոն ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին պարգևատրել է Բելառուսի մաքսային կոմիտեի կազմավորման 25-ամյակի մեդալով: