Մատչելիության հղումներ

Կրեմլ․ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը մնում է չլուծված


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսյով, արխիվ

Ռուսաստանի նախագահի խոսնակը հերքում է Բելառուսի նախագահի հայտարարությունները, թե Սանկտ Պետերբուրգում երեկ տեղի ունեցած հավաքի ժամանակ որոշում է կայացվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով:

«Ոչ, հարցը չի լուծվել», - այսօր լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Բելառուսի նախագահը սեփական նախաձեռնությամբ է անդրադարձել այդ հարցին, և որ այն Եվրասիական տնտեսական միության ու ԱՊՀ գագաթնաժողովների օրակարգում ներառված չի եղել:

«Դա շատ նորմալ պրակտիկա է, յուրաքանչյուր երկրի ղեկավար կարող է հարցեր բարձրացնել, որոնք անհրաժեշտ է համարում», - ասել է Պեսկովը՝ որոշ մանրամասներ փոխանցելով դռնփակ բանակցություններից:

Կրեմլի խոսնակը մասնավորապես նշել է, որ Բելառուսի նախագահը վիճահարույց այդ հարցին անդրադարձել է այն ժամանակ, երբ ՀԱՊԿ անդամ երկրների ոչ բոլոր առաջնորդներն են եղել բանակցային սեղանի մոտ: «Վերջիններիս [բացակաների] հետ քննարկումները շարունակել են ավելի ուշ՝ ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում», -ասել է Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել:

«Քննարկումները կշարունակվեն», - եզրափակել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից։ Մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որին Երևանը վաղաժամ ետ կանչեց «Մարտի 1»-ի գործով մեղադրանք ներկայացնելուց հետո:

Խաչատուրովի պաշտոնանկությունից անմիջապես հետո պաշտոնական Մինսկը հայտարարեց, թե նոր քարտուղարը պետք է լինի Բելառուսից, որը կազմակերպության անդամների շարքում այբբենական կարգով երկրորդն է՝ Հայաստանից հետո: Երևանը, մինչդեռ, պնդում է՝ ըստ կանոնադրության, այդ պաշտոնը Հայաստանինն է մինչև 2020 թվականը:

Վիճահարույց այս հարցի շուրջ կողմերը մեկ անգամ արդեն թեժ քննարկում էին ունեցել՝ անցած ամիս Աստանայում, փոխհամաձայնության, սակայն չէին եկել: Ու թեև նախապես հայտարարվել էր, որ երեկվա հավաքի ժամանակ այս հարցին անդրադարձ չի լինելու, Բելառուսի նախագահը դռնփակ հանդիպումներից հետո լրագրողների հետ զրույցում պնդել էր, թե որոշումը կայացվել է՝ հօգուտ Մինսկի: Լուկաշենկոն անգամ պնդել էր, թե կազմակերպության անդամները որոշել են՝ ինչպես է կայանալու նոր գլխավոր քարտուղարի նշանակումը:

«Մենք անսպասելի նաև ՀԱՊԿ գագաթնաժողով ենք անցկացրել այսօր և, ըստ էության, լուծել ենք գլխավոր քարտուղարի խնդիրը՝ նա կլինի Բելառուսից, ինչպես Նուրսուլթան Նազարբաևն էր ժամանակին ասել: Մենք պայմանավորվել ենք ՝ ինչ սխեմայով և ձևով է այդ նշանակումը կատարվելու: Առանձնազրույցներ են լինելու ՀԱՊԿ անդամի յուրաքանչյուր առաջնորդի հետ, որից հետո արդեն նրանք կստորագրեն այդ որոշումը», - հայտարարել էր Բելառուսի նախագահը:

Քիչ անց Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել էր այս հայտարարությունը՝ շեշտելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG