Մատչելիության հղումներ

Ուկրաինան պաշտոնապես խզում է բարեկամությունը Ռուսաստանի հետ


Ուկրաինա - Գերագույն ռադայի պատգամավորները Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագիրը չեղարկելու օրինագծի քվեարկությունից հետո, Կիև, 6-ը դեկտեմբերի, 2018թ․
Ուկրաինա - Գերագույն ռադայի պատգամավորները Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագիրը չեղարկելու օրինագծի քվեարկությունից հետո, Կիև, 6-ը դեկտեմբերի, 2018թ․

Ուկրաինան պաշտոնապես խզում է բարեկամությունը Ռուսաստանի հետ: Գերագույն ռադան երեկ ընդունեց Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագիրը չեղարկելու օրինագիծը:

Նախագծին կողմ քվեարկեց 277 պատգամավոր՝ շատ ավելի, քան անհրաժեշտ էր այն ընդունելու համար․ բավարար էր 226 ձայնը:

Օրինագիծը խորհրդարան էր ներկայացրել երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն դեկտեմբերի 3-ին: Այն անհետաձգելի հարց էր համարվել, ուստի քննարկվեց արտահերթ կարգով:

Այս նախաձեռնությունը հաջորդեց Կերչի նեղուցի միջադեպին, երբ ռուսական ուժերը ուկրաինական երեք նավ կալանեցին և ձերբակալեցին 24 նավաստիներին՝ պնդելով, որ նրանք խախտել են Ռուսաստանի ծովային սահմանը:

Երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության պայմանագիրը ստորագրվել է 1997 թվականին՝ այն ժամանակվա նախագահներ Լեոնիդ Կուչմայի և Բորիս Ելցինի կողմից: Տասը տարով ստորագրված պայմանագիրը ենթադրում է ավտոմատ երկարաձգում, քանի դեռ կողմերից մեկը չի հայտարարել դուրս գալու մասին: Վերջին անգամ երկարաձգված ժամկետը լրանում է 2019 թվականի մարտի 31-ին, այսինքն՝ իրավական, պաշտոնական կերպով Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրից Ուկրաինան դուրս կգա եկող տարվա ապրիլի 1-ին:

Բացի այս մեծ պայմանագրից, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ստորագրված տասնյակ համաձայնագրեր կան:

Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինը հայտարարել է, որ 48 համաձայնագրի գործողությունը արդեն դադարեցված է, իսկ մոտ ապագայում պլանավորվում է չեղարկել ևս չորս տասնյակ երկկողմ համաձայնագրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG