Մատչելիության հղումներ

Կրոնական ուսումնասիրության արդյունքներով, հայաստանցիների 79 տոկոսը հավատում է Աստծու գոյությանը


Հայաստանցիների 79 տոկոսը հավատում է, որ Աստված կա:

Սա ամենաբարձր ցուցանիշն է եվրոպական 34 երկրներում կատարված հարցումների շարքում:

Փաստորեն հայաստանցիների 10-ից գրեթե ութը բացարձակ համոզվածությաmբ հավատում է Աստծուն: Վրացիների 73 տոկոսն է հավատում Աստծուն, բոսնիացիների 66 տոկոսը, հաջորդում են ռումինացիները, հույները:

Հավատը աստիճանաբար նվազում է և ամենացածրը Գերմանիայում է, այնտեղ 10 տոկոսն է հավատում Աստծուն, ֆրանսիացիների, շվեյցարիացիների հավատը մեկ տոկոսwv բարձր է:

Ուսումնասիրությունը անցկացրել է Pew Research Center հետազոտական կենտրոնը՝ պարզելու, թե որքանով են հավատացյալ եվրոպական երկրների ժողովուրդները: Հետազոտության արդյունքները հրապարկվել են դեկտեմեբրի 5-ին:

Այլ հարցերի պատասխաններում հայաստանցիների 53 տոկոսն ասել է, թե իրենց կյանքում կրոնը շատ կարևոր է, 45 տոկոսն ամեն օր աղոթում է, իսկ 34 տոկոսը յուրաքանչյուր ամսվա մեջ առնվազն մեկ անգամ մասնակցում է եկեղեցական արարողությունների:

Ամեն օր աղոթելու ցուցանիշով հայաստանցիները երկրորդն են, իրենց կյանքում կրոնը շատ կարևոր համարելու առումով՝ երրորդը, իսկ եկեղեցի գնալու հաճախականությամբ՝ 12-րդը:

Pew Research Center հետազոտական կենտրոնի այդ բոլոր հարցերի համադրությամբ՝ 34 երկրների շարքում ամենակրոնական երկիրը Ռումինիան է՝ 55 տոկոսով, երկրորդ հավատացյալ երկիրը Հայաստանը՝ 51 տոկոս, հետո գալիս են Վրաստանը, որը Հայստանին մեկ տոկոսով է զիջում, այնուհետև Հունաստանը, Մոլդովան: Հրապարակված ցանկի վերջում կրոնի հանդեպ ամենաթույլ վերաբերմունքն ունեցող երկրներն են՝ 8-ական տոկոսով Չեխիան, Դանիան, ամենավերջինը Էստոնիան է՝ 7 տոկոս:

Կրոնական ուսումնասիրության արդյունքում կազմված ցանկի առաջին տասնյակում ավելի շատ են արևելաեվրոպական ու Կենտրոնական Եվրոպայի երկրները, Արևմտյան Եվրոպայի երկրները հիմնականում տեղ են զբաղեցրել երկրորդ տասնյակում:

Օրինակ, միջին հաշվով Հայաստանում և Հունաստանում բնակչության կեսը խորը հավատացյալ է, իսկ, ասենք, Դանիայում, Շվեդիայում ու Մեծ Բրիտանիայում՝ տասից մեկը:

Հայաստանի, Բոսնիայի, Վրաստանի, Հունաստանի, Ռումինիայի բնակչության կեսից ավելիի համար կրոնը շատ կարևոր է, իսկ Արևմտյան Եվրոպայի երկրներում, մասնավորապես, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում ու մի շարք այլ երկրներում կրոնը իրենց կյանքում շատ կարևոր են համարել ընդամենը տասից մեկը:

Իհարկե, ընդհանուր պատկերում բացառություններ կան․ օրինակ, պորտուգալացիների 37 տոկոսը խորը հավատացյալ է, ինչը զգալիորեն տարբերվում է Արևմտյան Եվրոպայի մյուս երկրներից՝ ավելի մոտ լինելով արևելաեվրոպական Լեհաստանին, որտեղ 40 տոկոսն է խորը հավատացյալ:

Pew Research Center հետազոտական կենտրոնի վերլուծաբանները եվրոպական երկրներում կատարած ուսումնասիրությունը համեմատելով աշխարհի տարբեր մասերում կատարված նմանատիպ ուսումնասիրությունների հետ, նշում են, որ Եվրոպան նվազ հավատացյալ է, քան մյուս աշխարհամասերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG