Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել կեղծ տվյալներ ներկայացնելու և պաշտոնեական անփութության հետևանքով մի քանի անձի անհիմն կենսաթոշակ նշանակելու և տալու դեպքի առթիվ:
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին հաղորդմամբ, նոյեմբերի 19-ին ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պետը գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդմամբ տեղեկություններ է հայտնել «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ում աշխատած բազմաթիվ շահառուների աշխատանքային գրքույկներում կեղծ տեղեկություններ ներառվելու և անհիմն կենսաթոշակի գումարներ վճարվելու վերաբերյալ։ Նոյեմբերի 21-ին հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին՝ հանցագործության վերաբերյալ հաղորդումը ստուգելու հանձնարարությամբ։
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ 4 քաղաքացիներ, չունենալով համապատասխան աշխատանքային ստաժ, կեղծ տեղեկություններ ներկայացնելու միջոցով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Վանաձորի մարզային մասնաճյուղի իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև ինքնությունը չպարզված անձանց օժանդակությամբ ստացել են
«Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ում աշխատելու վերաբերյալ աշխատանքային ստաժը հաստատող պաշտոնական կեղծ փաստաթղթեր: Ապա դրանք ներկայացրել են կենսաթոշակ նշանակելու լիազորությամբ օժտված ստորաբաժանում, որի արդյունքում նրանց անվամբ հաշվարկվել և 2016 թվականից մինչև 2018-ի նոյեմբեր ժամանակահատվածում անհիմն վճարվել է կենսաթոշակ: Այդ
կերպ խարդախությամբ հափշտակվել է պետական բյուջեից հատկացված խոշոր չափերի գումար։
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասի, 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործել) 2-րդ մասի, 315-րդ (պաշտոնեական անփութություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: