Մատչելիության հղումներ

Փոխնախարարը պարզաբանում է Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները


Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյան
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյան

Կառավարությունը ծրագրում է գալիք տարի համահարթեցնել աշխատող քաղաքացիների եկամտահարկը՝ բոլորինը դարձնելով 23 տոկոս:

Ինչպես այսօր հայտնեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, առաջիկա 3-4 տարիների ընթացքում էլ այն նվազելով կհասնի մինչև 20 տոկոսի։ Եվ երբ արդեն երկրում կկիրառվի հաստատուն 20 տոկոս եկամտահարկ, կուտակային կենսաթոշակային վճարը 2,5 կրկին կդառնա 5 տոկոս․ - «Ինչպիսի՞ նպատակներ է նախանշել: Առաջինը արդեն պարզ է՝ ներդրումային գրավչության բարձրացում, տնտեսական ակտիվության մակարդակի բարելավում, արտահանման և տնտեսական աճի կայուն տեմպեր: Եվ երկրորդը, ունենալ հարկաբյուջետային կայունություն, այսինքն՝ այս բարեփոխումները որևէ կերպ, մեր ընկալմամբ, չպետք է վնասեն մեր հարկաբյուջետային կայունությանը»:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի համաձայն, 2020 թվականի հունվարի 1-ից կնվազեցվի շահութահարկի դրույքաչափը՝ 20 տոկոսից դառնալով 18 տոկոս։

Հարկային բարեփոխումներ են սպասվում նաև ընտանեկան ձեռնարկատիրության և միկրոձեռնարկատիրության ոլորտում։ Նախատեսվում է ունենալ միկրոձեռնարկատիրության հարկման մեկ միասնական համակարգ։

Ինքնազբաղված անձանց հարկման համակարգի շեմը 9 միլիոնից կդառնա 20 մլն դրամ, ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգի շեմը՝ 18 միլիոնից 20 մլն դրամ։

Շրջանառության հարկի 115 մլն դրամի շեմը կպահպանվի, իսկ 2020-ից կվերանա արտոնագրային հարկի համակարգը:

Արման Պողոսյան․ - «Այս փոփոխություններից լրացուցիչ հարկային եկամուտներ կառավարությունը չի ակնկալում, բայց միևնույն ժամանակ չի ցանկանում, որպեսզի ունենանք հարկային եկամուտների կորուստ՝ ապահովելու համար հարկաբյուջետային կայուն իրավիճակը»:

Հարկային այս փոփոխությունների հետևանքով պետական եկամուտների կորուստը փոխհատուցելու համար կառավարությունը որոշել է բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և գարեջրի ակցիզային հարկերի դրույքաչափը, ընդլայնել ակցիզային հարկով հարկվող ապրանքների շրջանակը, երեք անգամ ավելացնել 301 և ավելի ձիաուժ ունեցող ավտոմեքենաների բնապահպանական հարկը, ինչպես նաև վերանայել շահումով խաղերի ոլորտը՝ բերելով հարկային ընդհանուր դաշտ:

«Դրա համար ընտրվել է այնպիսի սցենար, որը, մեր գնահատմամբ, պետական բյուջեի տեսանկյունից կառավարելի կորուստ է ենթադրում, այնպիսի կորուստ, որը հնարավոր է փոխհատուցել այլ ուղղություններով կատարվող փոփոխությունների հաշվին, մասնավորապես անուղղակի հարկերի բարձրացման հաշվին, և միաժամանակ լուծում է մեր երկրորդ նպատակը՝ ազգային տնտեսության մրցունակության բարձրացում, արտահանմանը կողմնորոշված արտադրությունների զարգացում, հետևաբար նաև տնտեսական աճի ամուր նախադրյալներ: Այսինքն, մենք ի՞նչ ենք առաջարկում այս սցենարի ընտրությամբ: Մենք առաջարկում ենք լուծել մեր երկու առաջնահերթություններից մեկը, զուգահեռաբար ունենալ այնպիսի կորուստ, որը հնարավոր է կառավարել ռիսկերի տեսանկյունից», - պարզաբանեց փոխնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG