Մատչելիության հղումներ

Մարալիկի տարածաշրջանի լեռներում ՀՀ ԶՈւ ռազմական օդանավ է կործանվել, երկու օդաչուները զոհվել են


Որոնողա-փրկարարական աշխատանքները դեպքի վայրում

Այսօր Մարալիկի տարածաշրջանում` Մարալիկից դեպի Բարձրաշեն լեռնային հատվածում, Հայաստանի Զինված ուժերի ՍՈւ-25 մարտական օդանավ է կործանվել, երկու օդաչուները՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը զոհվել են:

Փոխգնդապետ Արմեն Բաբայան
Փոխգնդապետ Արմեն Բաբայան

Մայոր Մովսես Մանուկյան
Մայոր Մովսես Մանուկյան

Ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ինքնաթիռը, պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10:06-ին` Գյումրիի օդանավակայանից, ժամը 10:20-ի սահմաններում կապը օդանավի հետ կորել է:

Մի քանի ժամ շարունակված որոնողա-փրկարարական աշխատանքներից հետո պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրեց, որ վթարի վայրը հայտնաբերվել է՝ այն Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում: Հայաստանի ռազմական գերատեսչության խոսակը նաև հրապարակեց մահացած օդաչուների անունները:

Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որում ասված է․ - «Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ Զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են առաջին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և երրորդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը»: Նախարարությունը խորապես ցավակցում է զոհված փորձառու օդաչուների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելու հատկանիշներով, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի մարդու մահվան:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը տեղեկացրեց, որ ինքնաթիռի սև արկղերը հայտնաբերվել են․ - «Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր անհետաձգելի միջոցառումները վթարի պատճառները պարզելու ուղղությամբ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «սև արկղը», և դրա զննության արդյունքների, ինչպես նաև պարզված այլ հանգամանքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:

Այսօր քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկ րոպե լռությամբ հարգեց զոհված օդաչուների հիշատակը:

«Հայաստանի Զինված ուժերի օդանավ է վթարի ենթարկվել. երկու փորձառու սպաներ, օդաչուներ զոհվել են։ Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը», - ասաց կառավարության ղեկավարը:

«Դեպքը պետք է քննվի, պատճառները պարզվեն։ Ես իմ ցավակցությունն եմ հայտնում զոհված օդաչուների ծառայակիցներին, ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ավիավթարի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Խորապես ցնցված եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՍՈւ-25 գրոհային ինքնաթիռի կործանման և զինվորական օդաչուներ, փոխգնդապետ Արմեն Բաբայանի ու մայոր Մովսես Մանուկյանի զոհվելու ծանր լուրից: Վստահ եմ, որ օդային աղետի պատճառների բացահայտումը թույլ կտա հետագայում բացառել նման ողբերգության կրկնությունը, իսկ կատարվածը որևէ կերպ չի անդրադառնա Զինված ուժերի անձնակազմի մարտական ոգու վրա: Ծանր կորստյան այս պահին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված օդաչուների ընտանիքներին, կիսում նրանց անփարատելի վիշտը և մաղթում եմ ոգու արիություն», - ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է Բաբլոյանի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG