Մատչելիության հղումներ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպումներ է ունեցել ԼՂ ղեկավարության հետ


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի, որտեղ հանդիպումներ է ունեցել ԼՂ նախագահ Բակո Սահակյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանի և Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանի հետ։

«Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը, անվտանգության խնդիրներին վերաբերող այլ հարցեր, ինչպես նաև Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքը։ Հանդիպման արդյունքում ևս մեկ անգամ վերահաստատվեց հայկական երկու պետությունների միջև առկա լիակատար փոխըմբռնման և փոխաջակցության բարձր մակարդակը», - հայտնում են Հայաստանի անվտանգության խորհրդից։

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օրերս իր նախընտրական հանրահավաքներից մեկում Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին հորդորել էր կարգի հրավիրել իր կառավարության այն ներկայացուցիչներին, ովքեր պարբերաբար մեկնաբանություններ են անում Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ:

Այսօր Ստեփանակերտում նաև խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև: Խորհրդակցություններին մասնակցող Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին ընդունել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը և ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG