Այսօր Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունում տեղի են ունեցել հերթական խորհրդակցությունները Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։
Արցախյան կողմից խորհրդակցություններին մասնակցել են արտգործնախարարի տեղակալներ Ֆելիքս Խաչատրյանը և Արմինե Ալեքսանյանը, ինչպես նաև ԱԳՆ առանձին ստորաբաժանումների ղեկավարներ, իսկ Հայաստանից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
ԼՂ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի միջազգային համագործակցության և միջազգային գործընթացներում ներգրավվածության ընդլայնման շուրջ։
Խորհրդակցությունների շրջանակներում Շավարշ Քոչարյանին ընդունել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը։ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել երկու գերատեսչությունների միջև համագործակցությունը՝ կարևորելով տարբեր մակարդակներով շփումներն ու խորհրդատվությունների անցկացումը, որոնք պարբերական բնույթ են կրում, ասված է ԼՂ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում: