Մատչելիության հղումներ

Վաշաձե. «Վրաստանի նորընտիր նախագահը անշունչ մի առարկա է»


Վրաստան - Նախագահի արդեն նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ, Թբիլիսի, 29-ը նոյեմբերի, 2018թ․
Վրաստան - Նախագահի արդեն նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ, Թբիլիսի, 29-ը նոյեմբերի, 2018թ․

Վրացական ընդդիմությունը չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները, դրա հետ մեկտեղ որպես քաղաքական ճգնաժամից միակ ելք դիտարկելով գործող խորհրդարանի լուծարումը:

«Վրաստանը նախագահ չունի: Դա Բիձինա Իվանիշվիլիի նախագահն է: Այդ իսկ պատճառով մենք այդ անշունչ առարկայի նկատմամբ որևէ բարոյական կամ քաղաքական պարտավորություն ունենալ չենք կարող: Կիրակի օրը մենք Ռուսթավելիի պողոտայում մեծ հանրահավաք կանցկացնենք, որի ընթացքում պահանջելու ենք Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել», - երեկ երեկոյան դիմելով Թբիլիսիի Ֆիլհարմոնիայի դահլիճում հավաքված իր կողմնակիցներին` հայտարարում էր նախագահի արդեն նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:

Պաշտոնական տվյալներով քվեների ավելի քան 40 տոկոսը ստացած Վաշաձեն, սակայն, ստիպված էր իր խիստ հուզական ելույթը կարճ կապել: Վաշաձեի ճառի կեսից նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սկսեց Skype-ով համառորեն զանգահարել Թբիլիսի` համերգասրահում տեղադրված մեծ էկրանից իր կողմնակիցներին դիմելու մտադրությամբ:

Չնայած կապի բավական վատ որակին, Ֆիլհարմոնիայի դահլիճում հավաքվածները նախկին նախագահի ելույթին բուռն արձագանքեցին՝ «Միշա, վերադարձիր» վանկարկելով:

«Գրիգոր Վաշաձեն Վրաստանի ժողովրդական նախագահն է: Կիրակի օրը ողջ Վրաստանը ոտքի կկանգնի և «ոչ» կասի պետության և ազատության թշնամի Իվանիշվիլիին: Մենք պետք է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հասնենք: Դրանք պետք է կազմակերպվեն բացառապես համամասնական ընտրակարգով, ինչը թույլ կտա ազատվել մեզ պարտադրված ֆեոդալական կառավարման համակարգից», - հայտարարում էր Սաակաշվիլին:

Վրաստանի իշխանությունները ընդդիմությունից հնչող կտրուկ կոչերին արձագանքեցին այսօր առավոտյան` նշելով, որ իրադրությունն ապակայունացնելու բոլոր փորձերը կանխվելու են:

«Որևէ հեղափոխական կամ ռևանշիստական սցենար մենք չենք հանդուրժի: Պետությունը կպաշտպանի ցանկացած քաղաքացու անվտանգությունը, ինչպես նաև խաղաղ բողոքի ակցիաներ անցկացնելու նրանց իրավունքը: Ընտրությունները ավարտվել են, և երկիրը պետք է վերադառնա կյանքի բնականոն ռիթմին», - այսօր առավոտյան Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում էր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ևս այսօր զգուշացնում էր` ընդդիմությունը պետք է հրաժարվի մայրաքաղաքում իրավիճակը սրելու ցանկացած փորձից:

«Դա պարտված թիմ է: Մեր ազգաբնակչությունը մեկ անգամ ևս մերժեց բռնությունը, չարիքն ու ատելությունը: Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով բողոքի ակցիաներին, ապա կարող եմ միայն ասել, որ ցանկացած օրինախախտման դեպքում կառավարությունը հստակորեն արձագանքելու է», - նշում էր Կալաձեն:

Ինչ վերաբերում է Վրաստանի նորընտիր նախագահին, ապա, ըստ վրացական լրատվամիջոցների, Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնամուտի արարողությունը կկայանա դեկտեմբերի 16-ին:

Զուրաբիշվիլին կարծես որոշել է հավատարիմ մնալ իր խոստմանը` հրաժարվելով աշխատել Հավլաբարում գտնվող նախագահական պալատում, որ կառուցվել է Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության տարիներին: Վրաստանի հինգերորդ նախագահն իր աշխատակազմով հանդերձ, ըստ ամենայնի, կտեղակայվի Թբիլիսիի կենտրոնում գտնվող Օրբելիանիների պալատում: «Ռուսթավի 2»-ի տեղեկություններով՝ վերջին օրերին այստեղ ակտիվ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG