Մատչելիության հղումներ

Թրամփը չեղարկեց հանդիպումը Պուտինի հետ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հելսինկիում, 16-ը հուլիսի, 2018թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հելսինկիում, 16-ը հուլիսի, 2018թ․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է վաղը Արգենտինայի մայրաքաղաքում ծրագրված բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի պատճառով:

Թրամփը Թվիթերում գրել է, որ չեղյալ է հայտարարում Պուտինի հետ հանդիպումը, որ նախատեսվում էր Մեծ քսանյակի գագաթնաժողովի ընթացքում:

ԱՄՆ նախագահն իր այս որոշումը պատճառաբանել է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպով:

Նոյեմբերի 25-ին ռուսաստանյան հատուկ ուժերը Ազովի ծովում Ուկրաինայի երեք ռազմանավերի վրա կրակ են բացել: Ռուսաստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են այդ նավերի անձնակազմերին, դատավարություններ կազմակերպել նրանց դեմ:

«Հիմք ընդունելով այն փաստը, որ նավերն ու նավաստիները Ռուսաստանից Ուկրաինա չեն վերադարձվել, որոշեցի, որ շահագրգիռ բոլոր կողմերի համար ավելի լավ կլինի, որ ես չեղյալ հայտարարեմ Արգենտինայում իմ ավելի վաղ ծրագրված հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - Թվիթերում գրել է Թրամփը:

Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսին, իր հերթին գրել է, թե Պուտինի հետ հանդիպումը չեղարկելու որոշումը Միացյալ Նահանգների նախագահը ընդունել է պետքարտուղար Մայք Փոմփեոյի և անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ զրուցելուց հետո: Սանդերսի խոսքով՝ վերջնական որոշումը Թրամփն ընդունել է օդանավում, Բուենոս Այրես ուղևորվելիս:

ԱՄՆ նախագահը Թվիթերում նաև գրել է, որ կհանդիպի Ռուսաստանի նախագահի հետ, երբ կկարգավորվի Կերչի ճգնաժամը:

Ռուսաստանի նախագահն էլ է ուղևորվում Արգենտինա՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովին: Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Կրեմլը դեռ չունի ռուս-ամերիկյան բանակցությունների չեղարկման մասին պաշտոնական տեղեկություն, իսկ եթե այդ բանակցությունները չեղարկվեն, Ռուսաստանի նախագահը Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում այլ կարևոր և օգտակար հանդիպումներ կազմակերպելու հավելյալ ժամանակ կունենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG