Մատչելիության հղումներ

Կառավարությունը 487 միլիոն դրամ է հատկացնում տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչներին


Կառավարության նիստ, արխիվ
Կառավարության նիստ, արխիվ

Կառավարությունը այսօր որոշել է 487 միլիոն 331 հազար դրամ հատկացնել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով:

Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից: Հիմնավորման համաձայն՝ տարվա ընթացքում հանրապետության մարզերում տարերային աղետների հետևանքով վնասվել է շուրջ 14 հազար 650 հա հողատարածք, ինչի հետևանքով տուժած հողօգտագործողների վնասի չափը կազմում է շուրջ 13 միլիարդ 386 միլիոն 100 հազար դրամ։ Աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսվում է պետական բյուջեից փոխհատուցում տրամադրել 50-100 տոկոս տուժած հողօգտագործողներին:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Արարատի մարզի Զանգակատուն համայնքում հակառակորդի կողմից այրված ցանքատարածությունների համար բնակիչներին աջակցություն տրամադրելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ այրվել են Զանգակատուն համայնքի 11 հեկտար չհնձված գարու ցանքատարածությունները: Որոշմամբ նախատեսվում է համայնքի 7 բնակիչներին տրամադրել 3 միլիոն 25 հազար դրամ աջակցություն:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ համայնքներին 2018 թվականի պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի և Կոտայքի մարզպետարաններին կհատկացվի 187 միլիոն 783.9 հազար դրամ: Միջոցները կուղղվեն համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի համաֆինանսավորմանը:

Համայնքներում կիրականացվեն փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցման ու նորոգման, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցման ու նորոգման և գիշերային լուսավորության անցկացման աշխատանքներ:

Սահմանամերձ 37 բնակավայրերում փաստացի հողօգտագործողներին աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի համար պետական աջակցություն հատկացնելու հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու նպատակով կառավարությունն լրացում և փոփոխություններ է կատարել համապատասխան կարգում: Կարգով նախատեսված է պետական աջակցություն ցուցաբերել միայն գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց` սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա։ Մինչդեռ առկա են հողօգտագործողների կողմից առանց սեփականության կամ վարձակալության իրավունքի հողի փաստացի օգտագործման դեպքեր, ուստի անհրաժեշտություն է առաջանում այդ հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրել համայնքի ղեկավարի տված տեղեկանքի հիման վրա։ Արդյունքում՝ այդ բնակավայրերի հողօգտագործողների համար կստեղծվեն հավասար պայմաններ, կբարձրանա վարելահողերի օգտագործման մակարդակը, գյուղացիական տնտեսությունների եկամուտները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG