Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը կոչ է անում «Արցախի թեման ընդհանրապես հանել նախընտրական ելույթների առօրյա բառամթերքից»


ԱԺ նախագահ Արա Բաբլոյան, արխիվ
ԱԺ նախագահ Արա Բաբլոյան, արխիվ

«Արցախի հարցում մեզանում գոյություն չպետք է ունենան սևեր, կարմիրներ, սպիտակներ կամ կանաչներ», - այսօր հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Խորհրդարանի խոսնակը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, որում ընդգծում է․ - «Վերջին օրերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում զարգացող որոշ իրադարձություններ չէին կարող ինձ անտարբեր թողնել: Այդ իրադարձությունները ստիպեցին ինձ կրկին դիմել բոլորիդ ավագ ընկերոջ իրավունքով»:

«Հայաստանի Հանրապետության շուրջ 30-ամյա պատմությունն ապացուցել է, որ կան արժեքներ, որոնք ենթակա չեն որևէ շահարկման, չարաշահման, սակարկությունների, ինչպես նաև այդ արժեքները չեն կարող իջեցվել անձնական կամ քաղաքական նախընտրական շահերի մակարդակ: Այդ արժեքներում իր ուրույն տեղն ունի Արցախը: Ընդամենը երկու տարի առաջ՝ ապրիլին, բոլորս կրկին փաստեցինք ու համոզվեցինք, որ Արցախի անվտանգությունն ու արցախաբնակ մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը գտնվում են բոլորիս հոգածության ներքո: Մեզանից յուրաքանչյուրը ցույց տվեց, որ կանգնած է Արցախի ու արցախցու թիկունքին, ապացուցեց, որ մեր ողջ ուժն ուղղված է Արցախի ու արցախցու պաշտպանությանը», - ասված է հայտարարությունում:

«Արցախի հարցում մեզանում գոյություն չպետք է ունենան սևեր, կարմիրներ, սպիտակներ կամ կանաչներ: Քաղաքական գույների բաժանումները, եթե չենք կարողանում հրաժարվել դրանցից, տարածենք բացառապես քաղաքական պայքարի վրա, իսկ Արցախն ու Հայաստանի Հանրապետությունն ունեն ընդամենը մեկ միասնական գույն, և դա հայկական եռագույնն է: Ընդ որում, ասվածը հավասարապես վերաբերում է բոլոր քաղաքական ուժերին», - հայտարարում է Բաբլոյանը՝ շեշտելով․ - «Եռագույնն ընդհանուր է, ինչպես ընդհանուր է Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և Արցախի ու Հայաստանի Հանրապետության ապագան: Ուստի բոլորիդ հորդորում եմ Արցախի հարցով համախմբվել մեկ միասնական դիրքորոշման շուրջ՝ ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման կամ Արցախ անվանումն ընդհանրապես հանել նախընտրական ելույթների և բանավեճերի առօրյա բառամթերքից»:

Դիմելով արցախցիներին՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը խնդրում է «նախընտրական այս օրերին զերծ մնալ կրքեր բորբոքելուց և անարձագանք թողնել հնչեցվող որոշ հայտարարություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, մտքերի ոչ ճիշտ ձևակերպումների հետևանք են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG