Մատչելիության հղումներ

Քարոզարշավի առաջին երկու օրերն անսպասելիորեն բուռն էին, նույնիսկ՝ կոշտ. քաղաքական մեկնաբան


Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյան, արխիվ
Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյան, արխիվ

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի գնահատմամբ, քարոզարշավի առաջին երկու օրերն անսպասելիորեն բուռն էին, նույնիսկ՝ սպասվածից ավելի կոշտ, «դաժան»։

Բաղդասարյանի համոզմամբ, ընտրությունների մասնակիցներն իրենց քարոզարշավներում անգամ «կարմիր գծեր» անցան։

«Այնպիսի արտահայտություններ արեցին, գնահատականներ տվեցին, որոնք անթույլատրելի են, բայց արդեն երրորդ օրը կարծես թե տոնայնությունը փոխվեց, շատ կոշտ արտահայտությունները, երբ որ ՀՀԿ-ն գործող իշխանություններին համարյա մեղադրում էր պետական դավաճանության մեջ, փոխադարձ սպառնալիքներ էին հնչում՝ «պատերին ծեփել» և այլն, բարեբախտաբար տոնը մեղմվեց, և անգամ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը կոչ արեց ընդհանրապես չշոշափել Ղարաբաղի հարցը, և «Իմ քայլը» դաշինքի հռետորաբանությունն էլ ավելի փափուկ դարձավ։ Այնպես որ, ես կարծում եմ, որ դրական է։ Ընդամենը երկու-երեք օր առաջ մտավախություններ կային, որ կարող է շատ կոշտ լինել, բայց կարծես թե ամեն ինչ ի վերջո հունի մեջ է մտնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբանը։

Բաղդասարյանը հույս հայտնեց, որ քարոզարշավի շրջանակներում ի վերջո կլինեն նաև ծրագրերի շուրջ բանավեճեր։

«Հույս ունեմ, որ անպայման կտեսնենք նաև մրցակցություն ծրագրերի։ Իսկ այն, որ ՀՀԿ-ն և «Իմ քայլը» դաշինքն են այդպես փոխհրաձգություններ վարում, դա, կարծում եմ, ՀՀԿ-ի քարոզչական հաջողությունն էր, որովհետև նրանք կարողացան այնպես ներկայացնել հարցը, որ հիմնական պայքարող ուժերն իրենք են։ Սա տակտիկական հաջողություն էր, բայց վստահ եմ, որ առաջիկայում, այնուամենայնիվ, բանավեճերը կընթանան ծրագրերի միջև, և դա, կարծում եմ, ավելի շահեկան կլինի և՛ հասարակության համար, և՛ քաղաքական ուժերի համար, և՛ պակաս շահեկան կլինի ՀՀԿ-ի համար, որը փորձում է էմոցիոնալ դաշտ տեղափոխել քարոզարշավն ընդհանրապես», - ասաց Արմեն Բաղդասարյանը։

Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ այս քարոզարշավը տարբերվում է նախորդներից, այստեղ մրցակցային պայմանները հավասար են։

«Ակնհայտորեն այս քարոզարշավը տարբերվում է նախորդներից, որովհետև եթերաժամեր՝ րոպե-րոպե հաշվել..., ակնհայտ է, որ բոլոր քաղաքական ուժերն էլ հնարավորություններ ունեն և կարծես թե հավասարաչափ են օգտվում այս հնարավորությունից, առավել ևս, որ ֆինանսական ստվերային շրջանառությունը բացառված է կամ նվազագույնի է հասցված։ Կարծում եմ, որ, այո՛, մեծ հաշվով հավասար են պայմանները», - ասաց Բաղդասարյանը։

Այսօր քարոզարշավի չորրորդ օրն է։ Այն կավարտվի դեկտեմբերի 7-ին, դեկտեմբերի 9-ին տեղի կունենան Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG