Մատչելիության հղումներ

«Անձամբ եմ գնալու գյուղացիներին վախեցնող գյուղապետերի հետևից». Նիկոլ Փաշինյան


«Հայաստանում առաջիկա հինգ տարիների ընթացքում արմատախիլ ենք անելու ծայրահեղ աղքատությունը, նվազեցնելու ենք գործազրկությունը», - այսօր Սպիտակում՝ քարոզարշավի ժամանակ, հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով՝ աղքատության հաղթահարումը չեն պատկերացնում մարդկանց բրինձ, մուրաբա, կամ փող բաժանելով։

«Էդ փողը ծախսեց, պրծավ, էդ մարդը հետո ի՞նչ է անելու։ Մենք դա տեսնում ենք աշխատանքի միջոցով, ներդրումների միջոցով, նոր աշխատատեղերի միջոցով, գործարանների միջոցով», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Էսօր Հայաստանի Հանրապետությունում մոտավորապես 500 միլիոն դոլարի և ավելի ներդրումային ծրագրեր են քննարկվում կառավարության հետ, և այդ ծրագրերի թիվը մեծանելու է։ Հայաստանում բացվելու են հազարավոր աշխատատեղեր, բայց էդ աշխատատեղերի մի մասը նաև դուք եք բացելու, որովհետև մենք ուզում ենք ձեզ քաջալերել, որ դուք զբաղվեք ձեռներեցությամբ։ Մենք գյուղացուն պետք է ապահովենք ոռոգման ջուր, մենք գյուղացուն պետք է ապահովենք հակակարկտային համակարգով, մենք գյուղացուն պետք է հնարավորինս մատչելի վարկային միջոցներով ապահովենք և քաջալերենք, ապահովենք նրանց մթերքի սպառումը, արտահանումը Հայաստանի Հանրապետությունից։ Մենք մարդկանց պետք է օգնենք վաստակել, որովհետև Հայաստանի քաղաքացին իր բարեկեցությունը պետք է ապահովի արժանապատիվ աշխատանքով»։

Փաշինյանն ընդգծեց՝ անձամբ է գնալու այն գյուղապետերի հետևից, ովքեր փորձում են վախեցնել գյուղացիներին։

«Որտե՞ղ կա դեռ հանրապետական գյուղապետ, որի մտքով անցնում է իր գյուղացիներին ընտրության, կամ այլ առիթով վախեցնել, ուրեմն, էդ գյուղապետեր, իմացե՛ք՝ անձամբ ես գալու եմ ձեր հետևից ու վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու ձեր կաբինետներից։ Էս երկրում մարդ կա՞, որը համարձակվում է քաղաքացուն վախեցնել, տո, այո՛, բոլորիդ կպառկացնենք ասֆալտներին։ Էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր, բոլորիդ կպառկացնենք էդ ասֆալտներին ու տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանը դիմեց ոստիկաններին. - «Ոստիկանությանն, այո՛, ասում եմ՝ մեկը չփորձի թպրտալ, չփորձի մի հանցավոր տարր՝ գող կլինի, ավտարիտետ կլինի, պատերով կտանք բոլորին, պատերով։ Վախեցնել քաղաքացուն... գլուխներդ պատին եք տվել, ովքե՞ր եք դուք ընդհանրապես, ձեր անուն-ազգանուններն ասեք, դուք ծակերից պետք է դուրս չգաք, դուք էս երկրի փողոցներով չպետք է քայլեք, ձեր տեղը բանտերում է և դուք հայտնվելու եք բանտերում բոլորդ՝ գողեր, թալանչիներ, ստահակներ»։

«Ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում ասկոլկա կա, դուք էդ ումի՞ց եք պաշտպանում »

Սասուն Միքայելյան, արխիվ
Սասուն Միքայելյան, արխիվ

​Նիկոլ Փաշինյանն այսօր արձագանքեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի երեկվա հայտարարությանը հետևած սուր քննադատություններին:

«Սասուն Միքայելյանը երեկ մի նախադասություն մի քիչ ձևակերպել է հետո պարզաբանել է իրա միտքը, ու բանը հասել է նրան, որ որոշ Հանրապետականներ՝ ՇուշանՊետրոսյանա ԱրմենԱշոտյաններ Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից։ Ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում ասկոլկա կա, դուք էդ ումի՞ց եք պաշտպանում, դուք, որ երկար տարիներ ոչ միայն բերաններդ ջուր առած հետևել և ղեկավարել եք բանակի թալանը և հիմա էլ եղունգներով ուզում եք պաշտպանել բանակը թալանելու ձեր իրավունքը, ես թույլ չեմ տալու ձեզ», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Ես ինչ-որ չեմ հիշում, որ էդ նույն մարդիկ, որոշ մարդին, այդ թվում՝ Արցախում, ինչ-որ նախադասություն ասած լինեն այն առիթով, երբ որ պարզվեց, որ Մանվել Գրիգորյանը զինվորի հացը գողացել է, տարել, իրա արջերին ու շներին է կերակրել։ Բա ո՞ւր էիք այդ ժամանակ այ ազատամարտի պաշտպաններ։ Գիտեմ ուր էիք, որովհետև ձեզնից ոմանք նույնպիսի պահեստներ ունեն որոշ տեղերում և մենք այդ պահեստների տեղը գիտենք, մենք էդ պահեստների լուսանկարներն ունենք, մենք էդ պահեստները բացահայտել ենք և շատ բան, երբ որ չենք ասում, չենք ասում, որովհետև այդտեղ ազգային անվտանգության խնդիր կա և պետական գաղտնիքի հարց կա»։

Միքայելյանը երեկ քարոզարշավի ժամանակ իր ելույթում ասել էր. - «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում ասեմ՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք, ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատամարտը, որովհետև այն հաղթանակը կատարվեց մեր ազգի քաջորդիների շնորհիվ և այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսնի մեր ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին, մեր ժողովուրդը չհասկացավ հաղթանակի գինը, ժողովուրդը չհասկացավ, չպատկերացրեց, հետագայում աղավաղվեց ամեն ինչը, և ժողովուրդը չպատկերացրեց, թե ինչ մարդիկ, ինչի համար գլուխ դրեցին զոհասեղանին»:

Այս հայտարարությունից հետո քննադատություններ հնչեցին ոչ միայն Հայաստանից, այլև Արցախից։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակին․ - «Վերջին շրջանում կազմակերպությունում բավականին բուռն քննարկում են տեղի ունենում, և էդ բուռն քննարկումների առանցքային իմաստը կազմակերպության անդամ երկրների դաշնակցային հարաբերությունները հստակեցնելն է: Որովհետև, օրինակ, դուք գիտե՞ք, թե պրակտիկայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մեր նկատմամբ ինչ պարտավորություն ունի, մենք իրանց նկատմամբ ինչ պարտավորություններ ունենք: Ընդհանուր ձևակերպումներով, պարզ ա, բայց իսկապես եկեք ընդունենք, որ մեզ համար էնքան էլ հասկանալի չէ և պարզ չէ, թե ինչու են մեր դաշնակիցները զենք վաճառում մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրին: Պետք է էս իրավիճակը հասկանանք: Սա անվտանգության բավականին լուրջ մարտահրավեր է, և մենք տրամադրված ենք մեր գործընկերների հետ այս թեման պարզ, ուղիղ, շիտակ, ազնիվ քննարկել: Մենք իմանանք ում վրա պիտի հույս դնենք և ում վրա պիտի հույս չդնենք»:

Ալավերդիում խոսելով Թեղուտի և Ալավերդու փակված ձեռնարկությունների մասին՝ Փաշինյանն ասաց, որ ամեն ինչ անելու է փակված աշխատատեղերը վերականգնելու ուղղությամբ՝ հավելելով, որ արդեն հստակ պայմանավորվածություն կա, որ մեկ ամսվա ընթացքում Թեղուտի հանքավայրը կաշխատի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG