Մատչելիության հղումներ

Շահնազարյանի հայտարարությունը հարուցել է Մարտի 1-ի զոհերի հարազատների վրդովմունքը


Դավիթ Շահնազարյան
Դավիթ Շահնազարյան

2008 թվականի մարտի 1-ին զոհված երիտասարդների՝ Արմենի և Սամվելի հայրերը՝ Վաչագան Ֆարմանյանն ու Էդիկ Հարությունյանը բացարձակ սուտ են որակում Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը, թե իշխանությունը Մարտի 1-ի զոհերի հարազատներին օգտագործում է բացառապես իր քաղաքական նպատակների համար՝ փորձելով մոլորեցնել նրանց։

«Նա մեր անունից թող երբեք չշշկռվի, որ մի արտահայտություն անի։ Նա ո՞վ ա, որ մեր անունից, ծնողների անունից արտահայտություն անի։ Նա աշխարհի ամենադավաճան մարդկանցից մեկն ա։ Դրանով ի՞նչ ա ուզում ապացուցած լինի։ Վարկաբեկում էիր հանրապետական կուսակցությանը՝ մորթել են, ջարդել են, սպանել են․․․ հիմա էլ փոխվե՞ց։ Դերակատարությունը փոխվեց․․․ Ծնողների համար ա անում Նիկոլը, բա ո՞ւմ համար պըտի անի։ Տասը զոհերը տենց պիտի գնան ու ոչ մեկը պատասխան չտա՞», - վրդովված ասաց Վաչագան Ֆարմանյանը:

«Էսօրվա իշխանությունները վերադարձրել են ժողովրդի մեջ հավատը իր ուժերի նկատմամբ: Եվ մենք հավատում ենք, Մարտի 1-ը էս իշխանությունների օրոք միայն կբացահայտվի։ Ո՞նց են մեզ մոլորացնում: Մի՞թե մենք բմբուլով հնդիկի նման ենք, որ մեզ կարանան մոլորեցնեն: Չէ, տենց բան չկա: Եթե էսօր Մանվել Գրիգորյանի նման մարդիկ կալանավորվել են, կալանավորվելու է նաև Ռոբերտ Քոչարյանը, որը հրաման ա տվել անզեն մարդկանց վրա կրակել, և շատ մարդիկ կան, որ պետք է կալանավորվեն․․․ Ի՞նչ մոլորության մասին է խոսքը։ Մենք սատարել ենք այս իշխանություններին, վարչապետին ու հուսախաբ չենք լինելու հարյուր տոկոսով», - ասաց Էդիկ Հարությունյանը։

Վարչապետի պաշտոնակատարն այսօր ևս անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը՝ միայն ասաց. - «Ինձ համար ընդհանրապես Դավիթ Շահնազարյանը հասկանալի չէ»։

Ավելի քան տասը տարի առաջ զոհված երիտասարդների հարազատները առաջին անգամ Դավիթ Շահնազարյանից են լսել, թե 2008-ի մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի տարածքում կային մարդիկ, որոնց մոտ ալկոհոլ է եղել:

«Բա էդ քանի տարին որ կար, էդ խի՞ չէր խոսում ինքը: Նույն Շահնազարյան Դավիթը չի՞․․․ թող էն ժամանակ ասեր, ես առաջին անգամ եմ լսում, որ Դավիթը տենց մեկնաբանություններ ա անում», - ասաց Ֆարմանյանը:

Էդիկ Հարությունյանը հավելեց․ - «Անկախ նրանից մարդը ոգելից խմիչք է օգտագործել, կամ ինչ-որ փայտ կար ձեռքին, որևիցե մեկը իրավունք չուներ հրաման տար հատկապես անզեն ժողովրդի վրա հրազեն կիրառելու»:

Տարիներ առաջ, երբ Շահնազարյանը դեռ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ էր, բազմիցս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է մեղադրել Մարտի 1-ի դեպքերի համար:

Իշխանափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը, քննելով տասը տարի առաջ կատարված իրադարձությունները, սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրեց այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանին՝ հայտարարելով, թե բանակը ներգրավված է եղել քաղաքական գործընթացներում:

Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցին՝ Մարտի 1-ի արյունալի իրադարձության զոհերի հարազատները պնդում են․ - «Ես հոգեպես հանգիստ կլինեշ, որ հանցագործներից ամենամեծը կպատժվի։ Բոլորը պետք է մեկ առ մեկ պատժվեն, որովհետև նրանք մինչև վիզը բոլորը թաթախված են Մարտի 1-ի զոհերի արյան մեջ»:

XS
SM
MD
LG