Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի զոհի հայրը հակադարձում է Շահնազարյանի հայտարարությանը, թե Մյասնիկյանի արձանի տարածքում ալկոհոլ է եղել


Մարտի 1-ի արյունալի իրադարձության զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, հակադարձում է Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, թե 2008-ի մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի տարածքում իր մտերիմների հետ տեսել է մարդկանց, որոնց մոտ ալկոհոլ է եղել:

Այս օրը Մյասնիկյանի արձանի տարածքում եղած Սարգիս Քլոյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ ինքն անձամբ մարդկանց մոտ ալկոհոլային խմիչքներ չի տեսել․- «Ես մի բան կարող եմ ասել պարոն Շահնազարյանին, որ 10 զոհերին երբ որ դիահերձել են, ոչ մի ալկոհոլ չեն հայտնաբերել: Հազարավոր մարդկանց ձերբակալել էին, ոչ մեկի մոտ ալկոհոլ չէին հայտնաբերել, նույնիսկ 150-ից ավելի քրեական գործեր հարուցած ցուցարարների վրա նույնպես չեն հայտնաբերել ալկոհոլ: Ասեմ ավելին՝ եթե թալան եղել ա, դա արել են սադրիչները։ Անձամբ ես եմ տեսել, թե ոնց էին սադրիչները ջարդում խանութները։ Հիմնավորեմ, թե ինչու սադրիչները․ ուրեմն՝ «Գլաձոր» համալսարանին մատով չդիպան, քաղաքապետարանին ցուցարարները մատով չդիպան, բայց միայն ջարդում էին Մոսկվայի տունը: Ինչո՞ւ էին ջարդում, որպեսզի ասեն՝ ընդդիմությունը հակառուսական է: Պարոն Շահնազարյան, միասին ճանապարհ ենք անցել՝ ես ու դու, ո՞նց քեզ թույլ տվեցիր միանալ Հանրապետական կուսակցությանը: Չէ՞ որ ամբողջ հայ ժողովուրդը զարմացածա, ապշածա Ձեր վրա, որ Դուք հանուն մանդատի միացաք Հանրապետական կուսակցությանը»:

Եթե անգամ հավաքների ընթացքում մարդկանց մոտ ալկոհոլ է եղել, ապա դա բացարձակապես հիմք և հիմնավորում չի տալիս խաղաղ ցուցարարներին սպանելու համար, ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը․ - «Եթե նույնիսկ ենթադրենք, որ այնտեղ գործել են ալկոհոլի ազդեցության տակ գտնվող խմբեր, ապա դա բացարձակապես որևէ իշխանության, որևէ սուբյեկտի իրավունք չի վերապահում սպանել խաղաղ ցուցարարների և այս տեսանկյունից էդ հանգամանքները չեն կարող լինել արդարացում տասը զոհերի, որ մենք ունեցել ենք Երևանի կենտրոնում։ Էս թեմայով տարբեր մանիպուլյացիաներ, պատասխանատվությունը լղոզելու փորձերը կդադարեն այն ժամանակ, երբ իրավապահները կներկայացնեն Մարտի 1-ի հստակ և ամբողջապես բացահայտված պատկերը»:

Տարիներ առաջ, երբ Շահնազարյանը դեռ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ էր, բազմիցս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է մեղադրել Մարտի 1-ի դեպքերի համար: Հիմա Հանրապետականի նախընտրական ցուցակում երրորդ համարը զբաղեցնող Շահնազարյանը Armdaily֊ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանին է մեղադրել Մարտի 1-ի քննությունը տապալելու մեջ, պնդել, որ նոր իշխանություննությունները այն նախընտրական շրջանում որպես գործիք են օգտագործում, նաև կարծիք հայտնել՝ Հատուկ քննչական ծառայության պետը ոչ համարժեք է գործում։

Իշխանափոխությունից հետո ՀՔԾ-ն, քննելով տասը տարի առաջ կատարված իրադարձությունները, սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրեց այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանին՝ հայտարարելով, թե բանակը ներգրավված է եղել քաղաքական գործընթացներում:

«Նույնիսկ գործող վարչախումբը գերազանցել է նախկին իշխանությանը՝ Մարտի 1-ը քաղաքական նպատակներով օգտագործելու համար։ Եթե նախկին իշխանությանը մենք մեղադրել էինք, որ նրանք փորձել են կոծկել այդ ամենը, սրանք ընդհակառակը՝ լրիվ այլ բան են անում՝ օգտագործում են որպես գործիք: Պաշտոնապես հայտարարվել է, որ ամեն ինչ բացահայտված է․ Փաշինյանն ա հայտարարել: Գրեթե ամեն ինչ: Լավ, էդ «գրեթե»֊ն քեզ պահի, բա լավ՝ մնացածը ո՞ւր ա», - Armdaily֊ի հետ զրույցում նշել է Շահնազարյանը:

Ի տարբերություն Շահնազարյանի, Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը գոհ է քննությունից և վստահ է շուտով գործն ամբողջությամբ բացահայտվելու է․ - «Դավիթ Շահնազարյանը որ ասում ա՝ Մարտի 1-ը չի բացահայտվելու, Փաշինյանը ճիշտ ուղղությամբ չի տանում գործը․․․ Կներեք, պարոն Դավիթ Շահնազարյան, իսկ ի՞նչ եղավ Ձեր Հաագայի դատարանի գործը, երբ Դուք ժամանակին ասում էիք՝ ես Քոչարյանին պետք է նստացնեմ: Ոչ մի բան էլ չեղավ՝ փուչիկ էր։ Ես վստահ եմ, հավատում եմ, պարոն Շահնազարյան, մենք տուժողի իրավահաջորդներս հավատում ենք և՛ Հատուկ քննչական ծառայությանը, և՛ մեր վարչապետին: Մեզ դրսից մասնագետներ պետք չեն։ Բացահայտվելու է գործը, մի անհանգստացեք, պարոն Շահնազարյան»։

Դավիթ Շահնազարյանն այսօր հրաժարվեց իր հայտարարությունների վերաբերյալ հավելյալ մեկնաբանություն տալ «Ազատությանը»:

XS
SM
MD
LG